2020 թվականից սկսած կառավարությունը մեկնարկելու է ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Այս մասին սեպտեմբերի 23-ի տեղի ունեցած Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ 2020 թվականից
1. Վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։
2. Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից հասցնելով մինչև 300 հազար դրամի։
3. Շուրջ 41 տոկոսով բարձրացվելու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից հասցնեով 25 500 դրամի։
4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է սահմանվելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:
5. Աշխատանք է տարվելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում տեղի կունենա երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպվելու է խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն:
6. Երեխայի ծնունդով պայմանավորված հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:
Փոխվարչապետի փոխանցմամբ, ծրագրի նախնական բյուջեն կկազմի շուրջ 500 միլիոն դրամ։
«2021 թվականից մենք նոր ազգային գաղափարախոսության վերաբերյալ քննարկում [պետք է] ունենանք․․․ 2021 թվականից մեզ համար միջին նորման ընտանիքում պետք է լինի 3 երեխան: Եվ մեր բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն նրան, որ 2021 թվականից Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենալու նվազագույնը երեք երեխա», – ասել է փոխվարչապետը: