Home / Առողջապահություն / Նորածնից արյան նմուշ են վերցրել հուղարկավորումից մեկ օր անց, «նրան փոխանակել են»

Նորածնից արյան նմուշ են վերցրել հուղարկավորումից մեկ օր անց, «նրան փոխանակել են»

2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել: Նրանք նաև կասկածներ ունեն, որ մահացած նորածինն իրենց երեխան չէ, նրան փոխանակել են:

Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը արյան նմուշ վերցրել մեկ օր առաջ արդեն իսկ հուղարկավորված նորածնից, անհասկանալի է։

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցել մարտի 12-ին, իսկ արյան նմուշ վերցնելու որոշում կայացրել է մարտի 13-ին։ Ընդ որում՝ քրեական գործի նյութերում նշված է, որ արյան նմուշառումը կատարվել է ընթերակաների մասնակցությամբ։

Առկա է նաև նորածնի մահվան վկայականը և հուղարկավորման մասին տեղեկանք, որոնցում մահվան և հուղարակավորման ամսաթիվ է նշված մարտի 12-ը։

Պաշտոնատար անձի կողմից ակնհայտորեն կատարված անհերքելի խախտումների ու չարաշահումների փաստերի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019 թ․ դեկտեմբերի 18-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Իրավապաշտպանները հիշեցնում են՝ 2016 թ. մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լիաննա Դարբինյանը Գյումրիի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է և ունեցել արական սեռի երեխա: Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է։ Ծննդատան անձնակազմը շտապ կանչել է երեխայի հորը, հայտնել, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով: Երեխայի տեղափոխումը հնարավոր չի եղել ժամանակին կազմակերպել. հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց երեխան մահացել է: Մահացած նորածնի ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել: Նրանք նաև կասկածներ ունեն, որ մահացած նորածինն իրենց երեխան չէ, նրան փոխանակել են:

Արյան նմուշ ստանալու վերաբերյալ արձանագրության մեջ նշված է, որ 2016 թ․ մարտի 13-ին ընթերականեր Արթուր Ավագյանի, Կարապետ Հովհաննիսյանի ներկայությամբ և մասնագետ Արշակ Ալեքսանյանի մասնակցությամբ վերցվել, ներարկիչի միջոցով պլաստմասե տարայի մեջ է լցվել և կնքվել է Լիանա Դարբինյանի նորածնի արյան նմուշը: Տարայի վրա առկա  է եղել «նորածին 13.03.19թ.» գրառումը:

Այստեղ հարց է առաջանում․ եթե արյան նմուշառումն իրականացվել է մարտի 13-ին, իսկ նորածնի մահվան վկայականում նշված է, որ մահացել և հուղարկավորվել է մարտի 12-ին, ապա ո՞վ է եղել մարտի 12-ին հուղարկավորված երեխան:


Քրեական գործի նյութերը, ըստ գործում առկա փաստաթղթերի ցուցակի, դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ և քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների հերթականության տրամաբանությամբ: Մասնավորապես՝ քրեական գործի 1-ին հատորի 16-րդ էջում՝ մարտի 12-ին առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունն է, 17-21-րդ էջերում՝ մարտի 12-ին վկայի հարցաքննություն կատարելու արձանագրությունը, արդեն 21-րդ և 22-րդ էջերում համապատասխանաբար տեղ են գտել մարտի 13-ին երեխայից արյան նմուշ վերցնելու որոշման և արյան նմուշ վերցնելու արձանագրության փաստաթղթերը, հետևաբար չկա և չի կարող լինել որևէ տեխնիկական խնդիր կամ շփոթություն՝ կապված քննիչի կողմից իրականացված քննչական գործողությունների ժամանակագրական հերթականության և դրանցից յուրաքանչյուրի իրականացման ամսաթվի հետ: Դեռ ավելին՝ քրեական գործում առկա մյուս փաստաթղթերում նույնպես երեխայից արյան նմուշ վերցնելու օրը մշտապես նշվում է 2016 թ. մարտի 13-ը: Ուստի՝ բացառվում է նաև միակ հնարավոր տեխնիկական խնդիրը։

Համադրելով բոլոր այս փաստական և իրավական հանգամանքները և հիմք ընդունելով մահացած նորածնի ծնողների պնդումները, քրեական գործի շրջանակում նրանց բարձարաձայնած խախտումները, անհամապատասխանությունները, քննություն իրականացնող մարմինների կողմից գործի հանգամանքների կոծկման և պարզաբանումներ տրամադրելուց խուսափելու դեպքերը, ինչպես նաև նկարագրված ընտանեկան դժբախտությունից հետո վերջիններիս կողմից պարզաբանում և արդարություն գտնելու ակնկալիքով տարբեր պետական մարմիններին դիմելու բազմակի անարդյունք փորձերը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու, դրա շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործը քննած մարմնի թույլ տված անօրինականությունները պարզելու, իրականությունը բացահայտելու, մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու, արդարադատության կայացումն ապահովելու և իրավական պետությունում, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար։