Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ՝ վերջինիս անվճարունակության հիմքով: Ընկերության արժեթղթերի վաճառքը արդեն իսկ դադարեցվել է:
Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքը ժամանակավոր դադարեցվել էր դեռևս դեկտեմբերի 23-ին։ Լիդիանը դիմել էր կանադական դատարան՝ հայցելով վերջինիս պաշտպանությունը։ Դիմումը բավարարվել էր և ընկերությանը «տարկետում» էր տրվել մինչև 2020 թվականի հունվարի 2-ը։ Հետագայում այս ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 23-ը։
Մինչև հունվարի 23-ը Լիդիանը պետք է կա՛մ ելքեր գտնի ճգնաժամից, լուծի իր անվճարունակության հարցը, համոզի պարտատերերին երկարացնել պարտքերի մարման ժամկետը, կա՛մ սկսի սնանկացման գործընթացը։ Այս ժամանակահատվածում պարտատերերը չեն կարող նրա նկատմամբ որևէ իրավական պահանջ ներկայացնել, ասենք՝ պարտքի դիմաց գույքի առգրավման կամ որևէ այլ ձևով։
Ֆոնդային բորսան, սակայն, ժամկետի լրանալուն որոշեց չսպասել։ Հունվարի սկզբին որոշում կայացվեց «Լիդիան»-ին բորսայի ցույցակներից հեռացնելու մասին։
Ըստ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի, կանադական դատարանը Լիդիանին պաշտպանության ներքո է վերցրել Companies’ Creditors Arrangement Act անվանվող օրենքի հիման վրա, որը հինգ միլիոնից ավել պարտավորություններ ունեցող անվճարունակ կազմակերպություններին հնարավորություն է տալիս վերակառուցել իրենց բիզնես և ֆինանսական գործառույթները։ «Նման հայցը հավաստում է անվճարունակության հանգամանքը, որը ի թիվս այլ գործոնների, կարծում եմ, այն հիմքն է, որով պայմանավորված ընկերության բաժնետոմսերը, բորսայի կանոնների համաձայն, չեն կարող այլևս շրջանառվել բորսայում, այսինքն դելիստ կարվեն», – մեր հարցմանն ի պատասխան գրում է Ավետիսյանը։
Եթե ուղիղ 10 օրվա ընթացքում Լիդիանը չկարողանա վերակառուցել իր բիզնես և ֆինանսական գործառույթները, ստիպված կլինի սկսել սնանկացման գործընթացը։
Ավելի վաղ ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ճգնաժամից դուրս գալու համար նշված ժամանակահատվածում փորձելու է վերջ տալ իր գործունեությանը խոչընդոտող «ապօրինի գործողություններին», դիտարկելու է նոր ներդրողներ ներգրավվելու կամ Ամուլսարի ծրագիրը վաճառելու հնարավորությունները։ Կրկին շահարկվում էր Հայաստանի նկատմամբ արբիտրաժային դատական գործընթացի հարցը։
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանը քիչ հավանական է համարում, որ Լիդիանին կհաջողվի նման սեղմ ժամկետներում վերջ տալ «իր գործունեությանը խոչընդոտող ապօրինի գործողություններին» կամ նոր ներդրողներ ներգրավվել, միևնույն ժամանակ չի բացառում, որ ընկերության սնանկացումը իրականում կարող է իրենից կազմակերպության վերակազմավորում ներկայացնել։ Շահնազարյանը ընդգծում է՝ քանի դեռ հայտնի չէ պարտատերերի հետ կնքված պայմանագրերի բովանդակությունը, բարդ է որևէ հստակ բան ասել։
«Ժամանակին հայտնի դարձավ, որ Լիդիանը, օրինակ, որոշ դեպքերում փողը վերցրել էր և դրա դիմաց ոչ թե գումար էր խոստացել, այլ՝ ոսկի։ Դա, ի դեպ, բավականին վտանգավոր բան էր այն իմաստով, որ ոսկին կարող էր ավտոմատ դուրս գալ իր հաշվեկշռից, իսկ հայաստանյան կոնտեքստում շատ հնարավոր էր, որ այդ տեսակի պայմանագրիրը թույլ տար խուսափել որոշ տեսակի հարկերից՝ ձևակերպելով այդ ելքերը ոչ թե որպես վաճառք, շրջանառություն, այլ՝ պարտքի մարում։ Դա այլ հարց է։
Հստակ տեղեկություններ՝ Լիդիանն ինչ տեսակի պայմանագրեր է կնքել իրա կրեդիտորների, պարտատերերի հետ, չկան։ Արդյո՞ք հնարավոր է, որ ինքը ամբողջությամբ, ինչպես Թեղուտի դեպքում, անցնի այլ ընկերության։ Հայտնի չէ։ Նախադրյալները այդքան էլ այս իմաստով բարենպաստ չեն։ Բայց տեսականորեն այդպիսի բան, իհարկե, կարող է լինել», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Շահնազարյանը։
Արբիտրաժի գործընթացի հեռանկարը ևս մնում է օդում կախված։ Ըստ Շահնազարյանի, Լիդիանի խիստ հավանական սնանկացումը դեռ չի նշանակում, որ նրա իրավահաջորդը կամ իրավահաջորդներից մեկը փորձ չի կատարի տանել արբիտրաժի գործընթացը․ «Եթե հանքը սենց թե նենց չշահագործվի, որովհետև դրա փողը այլևս չկա, իսկ նոր տերերը հազիվ թե ունենան կամ նախընտրեն ներդնել այսպիսի ծրագրի մեջ, արբիտրաժից ինչ-որ եկամուտների, պետությունից շորթումների ակնկալիքներ հնարավոր է ունենալ։ Սա շատ տեսական եմ ասում, որովհետև կոնկրետ Ամուլսարի դեպքում արբիտրաժը մի քիչ ուրիշ, շատ բարդ պատմություն է։
Լիդիանն իր նոր գրանցած կազմակերպությունների միջոցով արբիտրաժային գործընթացի մեկնարկի մասին արդեն իսկ հայտարարել էր՝ մարտի 11-ին։ Բանակցությունների ժամկետը լրացել է սեպտեմբերին, և մենք չգիտենք, գործի իսկական քննություն գնում է, թե ոչ։ Արբիտրաժները բնույթով գաղտնի են, այսինքն՝ միայն կառավարությունն է տեղյակ, թե ինչ է այնտեղ կատարվում։ Կարևոր է հասկանալ, Լիդիանի սնանկացման դեպքում արբիտրաժի հավանական հայց ներկայացրած Lydian UK-ը և Lydian Canada-ն ում են անցնելու կամ ում կարող են անցնել»։
Հայկական բնապահպանական ճակատն ամեն դեպքում կոչ է անում կառավարությանը, անկախ Լիդիանի սնանկությունից, ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը, որպեսզի ապագայում Լիդիանի որևէ պարտատեր կամ մեկ այլ ընկերություն հնարավորություն չունենա այնտեղ հանքի շահագործման հայտ ներկայացնելու: