Նախնական տվյալներով, փետրվարի 21-ին Իրանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները։ Պառլամենտի 290 տեղերին հավակնում էր 7150 թեկնածու։ Մասնակցությունն այս ընտրություններին ռեկորդային ցածր էր՝ 42.57%, ինչը 20 տոկոսով ավելի քիչ է 2016 թվականի ընտրությունների համեմատ: Սա մասնակցության նվազագույն գրանցված տոկոսն է սկսած 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից։
Մասնակցությունը հատկապես քիչ է եղել խոշոր քաղաքներում, նաև՝ Թեհրանում, որտեղ ընտրական իրավունք ունեցողների 20-30 տոկոսն է ընտրության եկել։
Իսլամական պետության գոյության ողջ պատմության մեջ բնակչության մասնակցությունն ընտրություններին 50 տոկոսից պակաս չի եղել։
Ներքին գործերի նախարարությունը նշեց, որ մարդկանց ընտրությունների չգալը կարող թ պկապված լինել երկրում վերջին ամիսներին կատարվող իրադարձությունների հետ (վերջին ամիսներին Իրանում մի քանի անգամ զանգվածային ցույցեր են սկսվել․ նոյեմբերին՝ բենզինի գնի թանկացման դեմ, հունվարին՝ իրանի կառավարության կողմից ուկրաինական «բոինգի» կործանման փաստի հերքման դեմ): Նախարարությունը քիչ մասնակցությունը կապում է նաև կորոնավիրուսի տարածման հետ։ Այս ամենը հաշվի առնելով որոշվել է ցածր մասնակցության այս շեմը համարել «թույլատրելի»։
Պահպանողականները կզբաղեցնեն 290 տեղերից նվազագույնը 220֊ը։ Նախագահ Հասան Ռոհանիի աջակից ռեֆորմատորներն ընդհամենը 20 մանդատ կունենան։ Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ թվով ձայներ հավաքել են ևս 35 անկախ թեկնածուներ, որոնք՝ լրատվականների փոխանցմամբ, կարող են միանալ պահպանողականներին։
Հաղորդվում է, որ երկրի 11 ընտրական օկրուգներում ապրիլի 17-ին երկրորդ փուլը կանցնի։ Սա կազմակերպվում է, երբ թեկնածուներն օկրուգում 20 տոկոսից ավել չեն հավաքում։
Իրանի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են քառամյա ժամկետով։