«We don`t want Islamic Republic», «down with khamenei», «our people need internet», «THIS IS TIME FOR REVOLUTION»։ Այս պահանջներով և փաղոցներում սպանված ցուցարարների լուսանկարներով պաստառներն էին Երևանի կենտրոնում հավաքված իրանցիների ձեռքերում։
Երկու շաբաթ է, ինչ օր ու գիշեր Իրանի ուժայինները ճնշում են մարդկանց զանգվածային անհնազանդությունը երկրի բոլոր քաղաքներում։ Առիթը՝ վառելիքի գների կտրուկ՝ երեք անգամ, բարձրացումն էր։ Մարդկանց դժգոհությանը իշխանությունը արձագանքեց ինտերնետ կապը անջատելով և զանգվածային բռնությամբ՝ զենքի գործադրմամբ։ Իրավապաշտպանները հայտնում են հարյուրավոր զոհերի մասին։
Երևանում և ողջ աշխարհում գտնվող իրանցիները սոլիդարության ակցիաների են դուրս գալիս՝ փորձելով մարդկանց ուշադրությունը հրավիրել Իրանի ժողովրդի պահանջներին և իշխանության հանցագործություններին։
Երևանում իրանցիները արդեն հավաքվել են երկու անգամ․ Իրանի դեսպանատան մոտ և Ազատության հրապարակում։ «Մենք ավելի շատ ակնկալում ենք հայ ժողովրդի աջակցությունը, ոչ թե կառավարության, ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է երեք տասնյակ ցուցարարներից մեկը։ ֊ Մենք չենք կարողանում կապ հաստատել մեր հարազատների հետ, իշխանությունը կրակելու հրաման է տվել, հարյուրավոր մարդիկ արդեն սպանվել են»։
Շատերի դեմքը փակ է, մի քանիսը եկել են երեխաների հետ։ Դրանից մի քանի օր առաջ Իրանի դեսպանատան աշխատակիցները սպառնացել են․ իրենց դեմքերը ֆիքսվել են և Իրանում մնացած բարեկամները խնդիրներ կունենան, եթե իրենք շարունակեն նման ակցիաները։ Ասել են նաև, որ կդիմեն հայաստանյան ուժայիններին՝ նման ցույցերը ցրելու համար։
Ցուցարարներից մի ուսանողուհի պատմում է, որ Իրանում այլևս հնարավոր չէ սովորել, ապրել, աշխատել․ «Դու անընդհատ խնդիրների ես բախվում, եթե կին ես կամ իրենց ուզած կրոնի չես, կամ սխալ դավանանք ունես, կամ աթեիստ ես։ Իրանում շատ֊շատ են պայծառ, լուսավոր, առաջադեմ մարդիկ, նրանք պատանդ են, դատապարտված են, եթե հեղափոխություն չլինի։ Մեզ հեղափոխություն է պետք»։
Այնուամերնայնիվ, որոշ տեղեկատվություն դուրս է գալիս Իրանից։ Ցուցարարները խորհուրդ տվեցին օգտվել AVATODAY Telegram ալիքից, Monoto TV֊ից, BBC Persia֊ից («որոշ վերապահումներով, քանի որ ստիպված են հաշվի նստել բրիտանական կառավարության հետ և բալանս պահել)։