Իրանում բողոքի ակցիաներ են՝ վերջին օրերին երկրում բենզինի գների կտրուկ բարձրացումների հետ կապված, որոնք պայմանավորված են ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով։
Որոշումը, որը կայացվել էր նոյեմբերի 15-ին, սուբսիդիաների կրճատում է ենթադրում, ինչի արդյունքում գները բարձրանում են նվազագույնը 50 տոկոսով։ Սուբսիդիաների կրճատումն արվում է աղքատ իրանցիների համար կանխիկ գումարի հավաքագրման նպատակով, ինչը, սակայն, ազդում է ողջ բնակչության վրա։
Նախագծի որոշումն ընդունվել է Տնտեսական համակարգման գերագույն խորհրդի կողմից, որի կազմում են նախագահ Հասան Ռոհանին, դատական ղեկավար Էբրահիմ Ռաիսին և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Մարմնի որոշմամբ, մասնավոր օգտագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցները սահմանափակվելու են ամսական 60 լիտր վառելիքով, իսկ բենզինի գինը աճելու է 50 տոկոսով՝ հասնելով 15,000 իրանական ռիալի (0,13 դոլար բաց շուկայական փոխարժեքներով)՝ մեկ լիտրի համար: Վառելիքի նախատեսվածից ավելի մեծ քանակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է 30 000 ռիալ (0.26 դոլար) վճարել մեկ լիտրի համար:
Անգամ այսպիսի որոշումից հետո բենզինն Իրանում շարունակում է մնալ ամենաէժանը ողջ աշխարհում։
Կառավարության նման անսպասելի որոշումը հանրության շրջանում դժգոհություն առաջացրեց․ վարորդները զանգվածաբար սկսեցին մեքենաները մայրուղիներում թողնել ու փակել միջպետական նշանակության ճանապարհները։
Անվտանգության ծառայության տվյալներով ցույցերին մասնակցում է շուրջ 87,000 մարդ։ Ցուցարարները կրակ են բացում բանկերի ու խանութների ուղղությամբ, մոտ 1000 մարդ բերման է ենթարկվել, երկուսը՝ ներառյալ մեկ ոստիկան, սպանվել են։