Home / Շուկա / Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը կարող է ավարտվել

Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը կարող է ավարտվել

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային  հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։ Ասելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար, նա հստակացրել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով։ Դեսպան Թրեյսին պարզաբանել է, որ  ԱՄՆ մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն։

Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում, որ ամերիկյան դիվանագիտությունը հայաստանյան յուրահատուկ վիճակին ըմբռնումով է մոտենում։ Խնդիրը սակայն նաեւ վերաբերում է տնտեսական առումով Իրանի ապաշրջափակմանը։ Որքան ընկալվի հայաստանյան յուրահատուկ կարգավիճակը, այնքան նաեւ վերաբերում է Իրանին, այս դեպքում արտահանում թույլատրելու առումով։ Իրանի բացարձակ մեկուսացումը կամ ամբողջական շրջափակման ամերիկյան միտումները նման բացառություն չէին հանդուրժի։ Քաղաքական առումով ուրեմն ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը վերաբերում է երկկողմանիորեն հասկացողություն ցուցաբերելու դրսեւորմանը։

Ընթացող խաղի կանոնները օրինաչափ են․ մի կողմից պատժամիջոցներ, միաժամանակ հանդիպման հրավեր պաշտոնական Թեհրանին ԱՄՆ-ի կողմից, զուգահեռ պայմաններ՝ միջուկային ծրագրից հրաժարելու, եւ ապարշրջափակման փոքր ելքերի հնարավորություն տալու։

Ճնշամիջոցներ՝ ամերիկյան պայմաններով հանդիպումը կայացնելու քաղաքականության հասկանալի ուղերձներ են հնչում այս ձեւով։ Հայտարարության երկրորդ մասի ուղերձը այլ ուղղությամբ է գնում։ ԱՄՆ-ի մտահոգությունները կապված են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցելուն։ Խոսքը շեշտակի տարածաշրջանում իրանյան ազդեցության գոտիների պահպանման համար ընթացող ռազմաքաղաքական իրադարձություններին է վերաբերում։

ԱՄՆ արտգործնախարարը բեյրության այցի ընթացքում չեր վարանել ահաբեկչական որակելու իրանամետ Հեզբոլլա կուսակցությունը։ Ավելի ուշ նա հորդորել էր տարբեր պետություններին աջակցել  Իրաքի եւ Լիբանանի ժողովրդներին ձերբազատելու իրանյան ազդեցությունից։ Բնութագրելով իրանյան վերջին ցույցերը ԱՄՆ արտգործնախարարության բանբեր Մորգան Օրթագուսը ասել է, որ Լիբանանի, Իրաքի եւ Իրանի ժողովուրդները կոռուպցիայի դեմ պայքար են մղում եւ թափանցիկություն են պահանջում։

Թեհրանը հայտարարել էր, որ միլիարդավոր տակառների քանակով նաւթի նոր հանք է հայտնաբերվել Իրանում։ Դրան զուգահեռ սակայն բենզինի գների բարձրացումն ու սահմանափակ տրամադրումը բողոքի դրսեւորումների առիթ է տվել Թեհրանում։

Այս բոլորը կարելի է մեկնաբանել ճնշամիջոցների սաստկացումով նախապատրաստել Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը։ Առ այս պահը Թեհրանը մերժել է ամերիկյան պայմաններով հանդիպելը։

Տարածաշրջանում ուրվագծվում է նոր խորապատկեր։ Տարբեր երկրներում ընթացող սոցիայական եւ քաղաքացիական պահանջներով հանդես եկած ցույցերին տրվում է հակաիրանյան դիմագիծ․ չնայած, որ Իրաքում ցույցերը պաշտոնապես այդ գունավորումն են ստացել։ Երեւում են շիա զանգվածների մոտ հակաիրանյան դրսեվորումներ։

Շիա քաղաքական բևեռի չեզոքացումը անպայման չի ենթադրում սուննի քաղաքական բևեռի հզորացում․ տարածաշրջանային մասշտապով տնտեսաքաղաքական իրադարձություններին հետևողը նկատում է Սաուդյան Արաբիայի ազդեցության թուլացման միտումները։

Սուննի-շիա կամ ներշիական բախումնային իրավճակներից գլխավոր օգտվողը տնտեսականորեն և գործնապես Իսրայելն է, որին պետք է անվերջ եռացող միջին Արեւելք։ Ընթացքն ու դեպքերի ապահոված արդյունքը դրա մասին են վկայում։

Իսկ Իրան-Հայաստան բիզնես շրջանակներում օրինական առևտուրը հանգիստ ընկալելու ամերիկյան ուղերձը ունի լուռ ենթաառաջարկ։ Իրանյան տնտեսությունը կարող է զարգանալ կամ Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը կարող է ավարտվել տարածաշրջանում ռազմաքաղաքական հենակետերի չեզոքացման դեպքում։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
Լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր