Ի զորակցություն 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածների դատապարտված իրանցի կին փաստաբան և իրավապաշտպան Նասրին Սոթուդեի՝ մարտի 19-ին՝ 13:00 -14:00-ի սահմաններում, Հայաստանում Իրանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա է անցկացվելու՝ նրան ազատ արձակելու պահանջով։
Տարիներ շարունակ Սոթուդեն Իրանում պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման, լրագրողների, ընդդիմադիր ուժերի և ակտիվիստնեերի իրավունքների պաշտպանության համար։
55-ամյա իրավապաշտպանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսին՝ Իրանի գերագույն առաջնորդին վիրավորելու համար։ Իրականում այդ շրջանում նա մեծ թափով պաշտպանում և աջակցում էր կանանց, որոնք, ցուցադրական կերպով հանել էին իրենց գլխաշորները և փողոց էին դուրս եկել՝ բողոքելով պարտադիր հիջաբ կրելու դեմ։
Բացի վերջին մեղադրանքից՝ իրավապաշտպանի դեմ կան մի շարք այլ մեղադրանքներ ևս։ Այդ թվում՝ հակապետական պրոպագանդա անելու և հանցավոր համաձայնությամբ՝ Իրանի ազգային անվտանգությանը վնաս պատճառելու համար։
Սոթուդեն 148 մտրակի հարվածի է դատապարվել առանց գլխաշորի դատական նիստի ներկայանալու համար։
Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Սոթուդեի դեմ որոշումը անվանել է «աղաղակող անարդարություն»։