Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ։ Իրանական պետական հեռուստատեսություններով Եվրամիությանը ուղղված կոչեր են հնչում, ըստ որոնց, Եվրոպան պետք է պաշտպանի Իրանը ամերիկյան պատժամիջոցներից և անի ամեն ինչ, որպեսզի այդ պատժամիջոցները չգերազանցեն արդեն նշաձող դարձած 2015-ի միջուկային համաձայնագրի պահանջները:
Հունիսի 28-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության երկրները հաստատել են INSTEX միջբանկային մեխանիզմի գործարկումը, որը հնարավորություն կընձեռի Իրանի հետ հաշվարկներ իրականացնել՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով: Առայժմ INSTEX-ը ներառում Է ԵՄ-ի երկրների մի մասը միայն և տարածվում է դեղորայքի և պարենի առեւտրի վրա, որոնց չեն վերաբերել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները, բայց չեն կարողացել կանոնավորապես մատակարարվել Իրանին երկրի բանկային մեկուսացման պատճառով: Թեհրանը հայտարարում է, որ ֆինանսական հաշվարկների այդ մեխանիզմի լիարժեք աշխատանքի համար Եվրամիությունը պետք է իրանական նավթ գնի:
«Գնդակը Եվրոպայի դաշտում է: Փարիզը, Լոնդոնն ու Բեռլինը արդյոք պատրաստվում են Թրամփի ազդեցության տակ ևս մեկ անգամ կորցնել շանսը, թե՞ պատրաստ են օգտվել միջուկային համաձայնագիրը պահելու վերջին հնարավորությունից ու կատարել իրենց խոստումները», – դիմում է Իրանական պետական հեռուսաընկերության հաղորդավարը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն ցույց է տվել, որ կարող է դիմակայել ճնշմանը, բայց հարգալից վերաբերմունքին պատասխանում է հարգանքով: Մենք երբեք որևէ ճնշման առջև չենք նահանջի, սակայն, եթե դիմացինը մեզ հարգում է, ապա ի պատասխան ևս հարգանքի կարժանանա: Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ հետ հարգալից խոսի և երբեք սպառնալիքներ չհնչեցնի իրանցիների հասցեին», – հուլիսի 1-ին հայտարարել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ուրանի հարստացման սահմանափակումներին այլևս չհետևելու մասին Թեհրանի հայտարարությանն ի պատասխան ասել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։
«Նրանք գիտեն, ինչ են անում: Գիտեն, թե ինչի հետ են խաղում, կարծում եմ՝ կրակի», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Սպիտակ տան հուլիսի մեկի հայտարարությանն ի պատասխան Զարիֆը թվիթերում գրառում է արել. «Լո՞ւրջ»: Նա նաև նշել է, որ իրանական կողմը քննարկումների տեղ թողնում է, և ուրանի հարստացման ծավալների մեծացման որոշումն «անշրջելի չէ»:
աղբյուրներ՝ tass.ru, tasnim, cbsnews, rferl.org, twitter