«Դու մենակ չես», «Մենք Նասրինի կողքին ենք», «Ազա՛տ արձակել Նասրին Սոթուդեին» պաստառներով Հայաստանում Իրանի դեսպանատան առաջ այսօր՝ մարտի 19-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածների դատապարտված իրանցի կին փաստաբան և իրավապաշտպան Նասրին Սոթուդեի։
«Ես այստեղ եմ զորակցրելու նրան, որ մենակ չհամարի իրեն, իմանա, որ առանձին մարդիկ իր ճակատագրով մտահոգված են»,- ասել է ակցիայի մասնակիցներից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Իրանի դեսպանությանը։
«Կոչ ենք անում ազատ արձակել իրավապաշտպան Նասրին Սոթուդեին, ով ազատազրկվել է իր իրավապաշտպան գործունեության համար։ Մենք նամակ են բերել նաև, որը միջազգային նամակ է, կոչ Իրանի բարձրագույն իշխանություններին՝ ազատ արձակելու իրավապաշտպանին, մենք ստորագրելու ենք և հանձնենք դեսպանատուն։ Մեր հույս այն է, որ ականջալուր կլինեն և չեն գնա ծայրահեղ ճանապարհով, չեն վերածվի մեկ այլ Հյուսիսային Կորեայի։ Մենք բարեկամաբար խնդրում ենք, որ դադարեցնեն ճնշում իրավապաշտպանի նկատմամբ»,- ասել է ակցիայի մասնակից, իրավապաշտպան Արման Ղարիբյանը։
Մոտ 1 ժամ շարունակ ակցիայի մասնակիցները կանգնել են դեսպանատան առաջ, սակայն այնտեղի աշխատակիցներից ոչ-ոք չի մոտեցել՝ նամակը վերցնելու։ Հեռախոսազանգի միջոցով հրահանգել են այն նետել նամակների համար նախատեսված արկղի մեջ։ Ընթացքում դեսպանատանն է մոտեցել 5-6 ոստիկաններից բաղկացած պարեկապահակային մեքենա։ Ոստիկաններից մեկը ակցիայի մասնակիցներին հորդորել է ակցիան շարունակել դիմացի մայթի վրա, քանի որ դեսպանատան աշխատակիցները բողոքել են, որ դրանով խանգարում են իրենց ելումուտը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ ունի, և իրենք ոչ մի կերպ չեն խոչընդոտում դեսպանատան աշխատակիցների ելումուտին ու աշխատանքի ընթացքին։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Սոթուդեն Իրանում պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման, լրագրողների, ընդդիմադիր ուժերի և ակտիվիստնեերի իրավունքների պաշտպանության համար։
55-ամյա իրավապաշտպանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսին՝ Իրանի գերագույն առաջնորդին վիրավորելու համար։ Իրականում այդ շրջանում նա մեծ թափով պաշտպանում և աջակցում էր կանանց, որոնք, ցուցադրական կերպով հանել էին իրենց գլխաշորները և փողոց էին դուրս եկել՝ բողոքելով պարտադիր հիջաբ կրելու դեմ։
Բացի վերջին մեղադրանքից՝ իրավապաշտպանի դեմ կան մի շարք այլ մեղադրանքներ ևս։ Այդ թվում՝ հակապետական պրոպագանդա անելու և հանցավոր համաձայնությամբ՝ Իրանի ազգային անվտանգությանը վնաս պատճառելու համար։