Իրանի ուլտրապահպանողականներն ու կոնֆրոնտացիոն քաղաքականության կողմնակիցները Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի աջակցությամբ, ինչպես սպասվում է, տեղական խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանեն չափավոր ուժերի նկատմամբ։ Չնայած մեջլիսը զբաղվում է ներքին գործերով ու չի մասնակցում երկրի արտաքին կյանքին, այս ընտրությունների արդյունքները կորոշեն երկրի քաղաքական կյանքի կուրսը, կազդեն 2021-ի նախագահական ընտրությունների վրա։
Իրանի իշխող վերնախավի համար ընտրությունները լեգիտիմության հիմնական աղբյուրն են, իսկ բնակչության մասնակցության բարձր տոկոսը՝ ընտրված քաղաքական կուրսի աջակցության հիմնական ցուցիչը։
Վերջին ամիսներին Իրանում մի քանի անգամ զանգվածային ցույցեր են սկսվել․ նոյեմբերին՝ բենզինի գնի թանկացման դեմ, հունվարին՝ իրանի կառավարության կողմից ուկրաինական «բոինգի» կործանման փաստի հերքման դեմ։ Տնտեսական պահանջներին փոխարինելու էին գալիս քաղաքականները․ իշխանությունների նկատմամբ անվստահությունն աճում էր։
Իսլամական պետության գոյության ողջ պատմության մեջ բնակչության մասնակցությունն ընտրություններին 50 տոկոսից պակաս չի եղել։ Այս տարի սակայն, ըստ դիտորդների, մարդիկ ավելի հիասթափված են ու կորցրել են հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ։
Իրանում ընտրությունները կազմակերպվում են Սահմանադրության պահապանների խորհրդի վերահսկողության տակ։ Հենց նրանք են նախապես ֆիլտրում թեկնածուներին։
Այս տարի հիմնական պայքարը ուլտրապահպանողականների և պահպանողականների միջև է։ «Ոչ մի մրցավազք չկա։ Ուլտրապահպանողականներն ուզում են հաղթել նախագահական ընտրություններում։ Դա կնշանակի չափավոր ուժերի պարտություն առաջիկա տասը տարիներին, եթե ոչ ավելի», – Ռեյթեր գործակալության հետ հարցազրույցում նշել է իրանական պաշտոնյան, ով նախընտրել է անանուն մնալ։
Եվրոպական խորհրդի միջազգային հարցերով ավագ գիտաշխատող Էլլի Գերանմայեն կոչ է անում չթերագնահատել զուտ ռադիկալ տրամադրված ընտրողներին, ովքեր դեռևս հիշում են Քասեմ Սուլեյմանիի սպանությունը։
Ինչու՞ են չափավոր ուժերը պարտություն կրում
Ռեֆորմիստները՝ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ, իրենց քաղաքականության շեշտը դրել էին Արևմուտքի հետ մտերմության վրա, բայց ձախողել են բոլոր ոլորտներում։
Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2019 թվականի ընթացքում Իրանի տնտեսությունը 9 տոկոս անկում է արձանագրել։ Այս տարի ակնկալվում է 0 տոկոս աճ՝ 2021-ի 1 տոկոս աճի հավանականությամբ։
Այս ամենը ուլտրապահպանողականների համար պոպուլիստական քարոզչության համար հարմար պայմաններ է ստեղծում։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապրիլին 81 տարեկան է դառնում, իսկ ուլտրապահպանողականների համար չափազանց կարևոր է նրա իրավահաջորդի ընտրության մասին վերջին խոսքն ասելու հնարավարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց միջուկային համաձայնագրից՝ ավելի լավ համաձայնագրի հասնելու համար։ Ծրագիրը ձախողվեց և նույնիսկ հակառակ ազդեցությունն ունեցավ։
Սուլեյմանիի սպանությունը ևս շահեկան եղավ ռեակցիոնիստական ուժերի համար, քանի որ իրանցիներին հիշեցրեց ազգային միության զգացողության մասին։ ԱՄՆ գործողությունների հաշվին Սուլեյմանին նահատակի կերպարում հայտնվեց, ինչն ընտրությունների ժամանակ կաջակցի միջազգային դիվանագիտության հանդեպ հավատ չունեցող ուժերին և հակառակը՝ ձայներ կխլի Արևմուտքի հետ մտերմություն ցանկացող ուժերից։
աղբյուրը՝ Բի֊բի֊սի ռուսական ծառայություն