Զավեշտալի է, բայց Իրանի և Միացյալ Նահանգների միջև ներկայիս հակամարտությունն այժմ պարզապես կատակ է հիշեցնում: Մեր՝ եվրոպացիներիս համար, վախենալու բաներ այնուամենայնիվ դեռ շատ կան:
Իմ ամենասիրելի կատակներից են ամերիկյան բժշկական կատակները՝ «նախ վատ լուր, հետո՝ լավը»։ Թեթևակի անճաշակ օրինակ․ կնոջ երկար ու ռիսկային վիրահատությունից հետո ամուսինը մոտենում է բժշկին՝ արդյունքներն իմանալու: Բժիշկը պատասխանում է. «Ձեր կինը փրկվեց, հավանաբար ձեզանից ավելի երկար կապրի, բայց որոշ բարդություններ կան։ Նա այլևս չի կարողանա վերահսկել իր անալ մկանները, այնպես որ հետույքից անընդհատ քաք կթափվի, իսկ հեշտոցից վատ հոտ ունեցող դեղին ժելեի նման բան կհոսի․ սեքսի ձև չկա: Բացի այդ, նրա բերանը լավ չի կառավարվի ու ուտելիքը անընդհատ կընկնի բերանից… »: Ամուսնու դեմքին աճող պանիկան տեսնելով, բժիշկը ժպտում է, ընկերաբար ձեռքը դնում ուսին ու ասում. «Մի անհանգստացեք, կատակ էր։ Ամեն ինչ կարգին է, նա մահացավ վիրահատության ժամանակ»:
Մի քանի օր առաջ՝ Իրանի ու ԱՄՆ֊ի լիարժեք պատերազմից խուսափելուց ու լարվածության (ժամանակավոր) նվազումից հետո, իրանցի իմ լավ ընկեր Կամրան Բարադարան գրել էր, որ այս կատակը շատ լավ է նկարագրում ներկա իրավիճակը։ Նախ, վատ նորությունների շարան եկավ հաջողված գործողության մասին (Սուլեյմանիի սպանությունը). ԱՄՆ դաշնակիցների թերահավատությունը, հակաամերիկյան բողոքներ, իրանական վրեժխնդրության սպառնալիք, որը կարող էր լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ… Այնուհետև վերականգնվեց (փխրուն ու ժամանակավոր) հավասարակշռությունը, բայց այս հավասարակշռությունն ավելի շատ մեր կատակի կուլմինացիային է նման․ «Մի անհանգստացեք, ճգնաժամը պարզապես կատակ էր: Ամեն ինչ կարգին է․ ոչ մի հարց չլուծվեց, մենք վերադառնում ենք կայուն ճգնաժամ ստեղծող աշխարհաքաղաքական սարսափելի խաղերին … »:
Տպավորություն է, որ Սուլեյմանիի սպանությունը ձեռնտու էր միաժամանակ երկու կողմերի համար․ Իրանում դա ժողովրդական մոբիլիզացման և միասնության հաղթական դրսևորման բերեց, որը միանգամից չեզոքացրեց ներքին տարաձայնությունները։ ԱՄՆ-ի համար, թվում էր, թե դա ճանապարհ կբացի դեպի պատերազմ, որի արդյունքում կվերացվի իրանական սպառնալիքը: Հիմա մենք տեսնում ենք, որ իրականում ոչ ոք պատերազմ չէր ուզում:
Նախ՝ Իրանը․ ո՞ր կետում է հիմա: Ուկրաինական ինքնաթիռի կործանումը հանգեցրեց ժողովրդական անկարգությունների, որոնք այժմ սպառնալիք են Խոմեյնիի հեղափոխության հիմունքներին. ոչ թե ուղղակի կոշտ քաղաքականության կոմնակիցները, այլ ամբողջ համակարգի լեգիտիմությունն է հարցականի տակ։ ԱՄՆ-ի հետ լարվածությունը որպես բնակչությանը հանուն ռեժիմի մոբիլիզացնելու միջոց հակառակ ձևով աշխատեց․ ռեժիմն այժմ ավելի վտանգված է, քան երբևէ: Ուկրաինական ինքնաթիռի անկանխատեսելի գնդակոծումն այդպիսով ծառայեց ի օգուտ Թրամփի ռազմավարության. ԱՄՆ֊ն այլևս ստւպված չէ պատերազմ սկսել Իրանի դեմ։ Իրանը խեղդվում է իր իսկ խնդիրներով…
Այնուամենայնիվ, Թրամփի «հաջողությունները» նրա վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մի մասն են. անկախ իրանական ճգնաժամի վերջնական արդյունքից, ԱՄՆ-ն ոչ միայն արագորեն կորցնում է իր ազդեցությունը Իրաքում, այլև հետզհետե դուրս է մղվում Մերձավոր Արևելքից: Սիրիայում քրդերի հետ ճգնաժամի կեղծ «լուծումը»՝ Թուրքիան և Ռուսաստանը խաղաղություն են պարտադրում, որ յուրաքանչյուրը վերահսկի իր կողմը, այժմ կրկնվում է Լիբիայում։ Երկու դեպքում էլ ԱՄՆ-ն լուռ հետ քաշվեց ակտիվ դեր խաղալուց: Ռուսաստանն ու Թուրքիան այժմ իդեալական վիճակում են Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար. երկու երկրները վերահսկում են Եվրոպա նավթի մատակարարումն ու փախստականների հոսքը, ինչը կարող են օգտագործել Եվրոպային շանտաժի ենթարկելու համար:
Իսկ ի՞նչ, եթե Թրամփը հենց սա էլ ուզում էր: Այս հարցի դրական պատասխանի մասին վկայող սոսկալի նշաններ կան։ Թրամփն այժմ սպառնում է մաքսային պատերազմը Չինաստանից տեղափոխել Եվրամիություն, և պարզ է, որ ատելությունն ուժեղ ԵՄ նկատմամբ միավորում է Թրամփին, Ռուսաստանն ու Թուրքիան: Այսպիսով, ո՞ր Եվրոպան է անհանգստացնում Թրամփին, Պուտինին, Էրդողանին ու եվրոպական պոպուլիստներին: Դա անդրազգային միասնության Եվրոպան է։ Եվրոպան, որն անորոշ ձևով, բայց գիտակցում է, որ այժմյան մարտահրավերներին դիմագրավելու համար մենք պետք է անցնենք ազգ-պետությունների սահմանափակումներից այն կողմ։ Եվրոպան, որը հուսահատորեն ձգտում է ինչ-որ կերպ հավատարիմ մնալ զոհերի հետ համերաշխության հին լուսավորչական նշանաբանին։ Եվրոպան, որը տեղյակ է, որ մարդկությունն այսօր մեկն է, որ բոլորս նույն նավի վրա ենք (կամ, ինչպես ասում են, նույն Երկիր Տիեզերանավի), այնպես որ ուրիշի դժբախտությունը նաև մեր խնդիրն է: Եվրոպան հիմա հսկայական ակցանի մեջ է․ մի կողմից Ամերիկան է, մյուսից՝ Ռուսաստանը, և երկուսն էլ փորձում են մասնատել այն։ Թրամփն էլ, Պուտինն էլ կողմ էին Բրեքսիթին, ամենուր՝ Լեհաստանից մինչև Իտալիա, աջակցում են եվրոսկեպտիկներին։
Այսպիսով, Մերձավոր Արևելքի այժմյան ճգնաժամի տուժածն ավելի շուտ Եվրոպան է, քան՝ ԱՄՆ֊ն։
Սլավոյ Ժիժեկ
սլովենացի հոգեվերլուծաբան-փիլիսոփա, մշակության քննադատ, հեգելյան մարքսիստ
աղբյուրը՝ welt