Քրդական կազմավորումները հեռացան Սիրիայի հարավի «անվտանգության գոտուց»։ Reuters-ի փոխանցմամբ, այս մասին Անկարային տեղեկացրել է Վաշինգտոնը։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ այս փուլում տվյալ շրջանում նոր ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Միևնույն ժամանակ, Ներքին գործերի նախարար Մեվլութ Չավուշողլուն նշում է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի դադարեցումը չի նշանակում, որ գործողությունն ավարտված է և թուրքական զորաջոկատները պետք է դուրս գան տարածաշրջանից։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը պարզաբանել է, որ քրդերի հեռանալու մասին իրեն տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության ուժերի հրամանատարը։ Փենսը շնորհակալություն է հայտնել քուրդ գործընկերներին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար։ Փոխնախագահը նաև նշել է, որ ԱՄՆ֊ն ու իր դաշնակիցները ջիհադիստների հետ պայքարում հասել են իրենց նպատակին և այժմ ամերիկյան զինվորականները կարող են տուն վերադառնալ։
Միացյալ Նահանգների զինվորների մի մասը տեղափոխվել էր Իրաք։ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, այնտեղ է ժամանել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։ Նա պատրաստվում է տեղի իշխանությունների հետ քննարկել ԱՄՆ զորքերի Իրաքում մնալու ժամկետները։ Ավելի վաղ Բաղդադը հայտարարել էր, որ Սիրիայից տեղափոխված ամերիկյան զորքերը Իրաքում մնալու թույլտվություն չունեն և երկրում կարող են մնալ միայն տրանզիտային կարգավիճակում։
Երեկ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Սոչիում պայմանավորվել են համատեղ վերահսկել թուրք֊սիրիական սահմանի Եփրատ գետից արևելք ընկած հատվածը։ Սահմանից 30 կմ խորությամբ հատվածում կհերթապահեն ռուս֊թուրքական ստորաբաժանումները, իսկ հենց սահմանը կվերահսկեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ենթակա սիրիական սահմանապահները։
Թուրքիան քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները սկսել էր հոկտեմբերի 9-ին՝ ամերիկյան զորքերի հետկանչից հետո։ Թուրքական իշխանությունները տեղի քրդերին ահաբեկիչներ են համարում, Միացյալ Նահանգները՝ գործընկեր՝ «Իսլամական պետության» դեմ տարածաշրջանային պայքարի հարցում։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիան ու ԱՄՆ֊ն համաձայնության էին եկել ռազմական գործողությունների 120 ժամանոց դադարեցման մասին՝ պայմանով, որ քրդական խմբավորումներն այդ ընթացքում լքելու են «անվտանգության գոտի» կոչված հատվածը։