Հոկտեմբերի 6-ին Սպիտակ տունը հաստատեց Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու որոշումը։ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո որոշում կայացվեց ամերիկյան զորքերը հետ կանչել թուրք֊սիրիական սահմանից։ Այս որոշմամբ ԱՄՆ գործընկեր համարվող Սիրիայի քրդերը զրկվում են Անկարայի հետ հարաբերություններում ամերիկյան աջակցությունից։
Սպիտակ տան այս որոշումը դեմ էր Պաշտպանության նախարարության առաջարկությանը, որի համաձայն ամերիկյան փոքրաթիվ զորքեր պետք է մնային հյուսիսիային Սիրիայում՝ Իսլամական պետության դեմ գործողությունները շարունակելու և Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակումը կանխելու նպատակով։ Անկարան քուրդ զինյալներին ահաբեկչական կազմավորում է համարում և երկար ժամանակ դատապարտում էր Միացյալ նահանգների՝ քրդերին աջակցություն տրամադրելու քաղաքականությունը։
«Թուրքիան տապալեց Իսլամական պետության դեմ երկու տարվա պայքարը, որի համար իրենց կողմից ոչ մի ջանք չէր գործադրվել»,֊ նշում է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, ով նախընտրեց անանուն մնալ, – «Պաշտպանության նախարարության ամբողջ ղեկավարության առաջարկությունները մերժվեցին»։
Ընդհամենը մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ ամերիկյան և թուրքական զորքերը առաջխաղացում են արձանագրել սահմանի պաշտպանության գործում՝ շարունակելով համատեղ հերթափոխությունը։ Քրդերն իրենց հերթին պահպանում էին համաձայնությամբ սահմանված իրենց պարտավորությունները․ սահմանային գոտուց հետ կանչել զինյալներին և զրահատեխնիկան։
Քրդական կողմը մտավախություն ունի, որ ամերիկյան զորքերի բացակայության պայմաններում Անկարան Սիրիայի հյուսիս կներխուժի, ինչպես Աֆրինի դեպքում, երբ դաժան հարձակումներ էին տեղի ունենում խաղաղ բնակչության վրա։