Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հարցը՝ երերուն միջուկային համաձայնագիրը ավելի խիստ ու վստահելի գործարքով փոխարինելու համար։
Օմանի ծոցում ստեղծված ճգնաժամի հաղթահարման թեման Մակրոնը բարձրացրել էր Մեծ յոթնակի գագաթնաժողովի վերջում՝ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռոհանիի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնը հայտնել էր, որ Իրանի նախագահը համաձայնել է հանդիպել Թրամփի հետ։
Դրան ի պատասխան, ԱՄՆ նախագահն ասել էր, որ «ճիշտ հանգամանքներում» դեմ չի լինի հանդիպել Ռոհանիի հետ։ Իսկ Ծոցում իրավիճակի վատթարացման դեպքում «նրանք իրապես դաժան ուժի կհանդիպեն»։
Այսօր, օգոստոսի 27֊ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում ոչ մի դրական զարգացում լինել չի կարող, քանի դեռ Թրամփի աշխատակազմը խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները։
«Առանց պատժամիջոցներից ԱՄՆ-ի հրաժարման եւ այն սխալ ճանապարհից հետ դառնալու, որը նրանք ընտրել են, մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնի ձեռքում է»,- ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ընթացքում։
«Իրանը ձգտում է հասնել խնդրի լուծմանը ողջամիտ ձևերով, իսկ պարզապես լուսանկարվելու ցանկություն մենք չունենք»,- նշել է նախագահ Ռոհանին։ «Եթե [նախագահ Թրամփը] պարզապես ցանկանում է լուսանկարվել Հասան Ռոհանիի հետ [քաղաքական նպատակներով], ապա դա նրան չի հաջողվի»։
Թրամփը, կարծես, հետքայլ է անում ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ գործող «առավելագույն ճնշման» քաղաքականությունից, մեծ տերություններին առաջարկելով Իրանին արտակարգ իրավիճակների վարկային գիծ տրամադրել. «Մենք չենք վճարի… Բայց նրանց, հավանաբար, փող պետք կգա, որպեսզի հաղթահարեն շատ դժվար շրջանը, եւ եթե նրանց իսկապես փող պետք լինի, նավթային երաշխիքների պարագայում, ապա այդ ժամանակ խոսքը վարկերի մասին կլինի»,- ասել է նա։
Երկու երկրների նախագահները պատրաստվում են սեպտեմբերին մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։
Հիշեցնենք, որ Օմարի ծոցում և, մասնավորապես, Հորմուզի նեղուցում, լարվածությունը սրվել էր անցյալ տարի, երբ նախագահ Թրամփը հայտարարել էր Բարակ Օբամայի ստորագրած Միջուկային համաձայնագրից հետ կանգնելու մասին և Իրանին մեղադրել Հորմուզի նեղուցում երկու ամերիկյան լցանավերի վրա հարձակման մեջ։