Home / Ազգային ժողով / Սկզբից էլ պարզ էր, որ Թրամփը կմնա

Սկզբից էլ պարզ էր, որ Թրամփը կմնա

ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկությանը։ Ամերիկյան խորհրդարանի վերին պալատը, որում հանրապետականները մեծամասնություն են կազմում, հրաժարվեց գործող նախագահին մեղավոր ճանաչել իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ։

Իշխանության չարաշահման մեղադրանքին կողմ էր քվեարկել 48 սենատոր, դեմ՝ 52։ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքին կողմ էր 53 սենատոր, դեմ՝ 47։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից Թրամփի պաշտոնանկությանը կողմ քվեարկել էր միայն նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին։ Առաջին մեղադրանքի հետ իր համաձայնության մասին նա հայտարարել էր քվեարկությունից մի քանի ժամ առաջ։

Ռոմնին առաջին հանրապետականն էր, ով սատարում էր դեմոկրատների՝ Թրամփի պաշտոնանկության առաջարկը, և առաջին սենատորը Միացյալ Նահանգների պատմության մեջ, ով կողմ է իր իսկ կուսակցության ներկայացուցիչ նախագահի իմպիչմենտին։

Դեմոկրատներից ոչ ոք, նույնիսկ մի շարք հարցերում Թրամփին աջակցող Ջո Մանչինը, դեմ չի քվեարկել պաշտոնանկությանը։

2019-ի դեկտեմբերին ներկայացուցիչների պալատը Թրամփին իմպիչմենտի էր ենթարկել երկու հոդվածներով․ իշխանության չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում։ Երկու մեղադրանքն էլ կապված էին Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի նկատմամբ գործադրած ճնշմամբ, որի միջոցով նա փորձում էր Զելենսկուն համոզել հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի նկատմամբ։ Հակառակ դեպքում Թրամփը սպառնում էր սառեցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։

Իմպիչմենտից հետո նախագահի պաշտոնանկության հարցն անցնում է Սենատի քվեարկությանը։ Թրամփի հեռացման համար անհրաժեշտ էր սենատորների երկու երրորդի ձայները։ Հանրապետականները Սենատում մեծամասնություն են կազմում և հենց սկզբից էլ պաշտոնանկությունը քիչ հավանական էր համարվում։

Դոնալդ Թրամփը մեղադրանքները հերքում էր ու պաշտոնանկության ողջ պրոցեսը «վհուկների որս» անվանում։

Թրամփի գրառումը թվիթերում, որն արվել է քվեարկության մեկնարկի հետ միաժամանակ։

https://twitter.com/realDonaldTrump/status/1225158283209650176?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1225158283209650176&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759