Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները շարունակում են «պայքարել հանուն արդարության», այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ Ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Սեպտեմբերի 2-ին վաղ առավոտից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ հավաքված ուսանողները պահանջում են ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը։ Երիտասարդները վստահ են, որ ռեկտորի հանդեպ անարդար են վարվել, երբ իր ատենախոսության մեջ գրագողության հետ կապված մեղադրանքների պատճառով Հայրապետյանն ստիպված էր լքել պաշտոնը։ Բազմաթիվ պաստառների և արդարության վերականգնման մասին կոչերի ֆոնին ուսանողները հայտարարում են, որ բոլոր ատենախոսությունների մեջ կարելի է շատ սխալներ գտնել՝ դրանք ստուգելու դեպքում։
Մինչ հրաժարականը համալսարանի մի խումբ դասախոսներ դատի էին տվել 32-ամյա Հայրապետյանին․ ըստ նրանց՝ ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնությամբ, բուհ֊ում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին․ նրանք պահանջել են չեղյալ հայտարարել մրցույթը, ինչպես նաև բարձրացրել են մրցույթի չափորոշիչների հարցը, օրինակ, անգլերեն լեզվով դասախոսություն կարդալու փորձը։ Նախկինում անցկացվող նշված մրցույթների մասին խոսելիս, Հայրապետյանը նկատել էր, որ դրանք ձևական բնույթ էին կրում։ Հիշեցնենք, որ նա փոխարինել էր սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատված, պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի գումարի վանտման մեջ մեղադրվող Կորյուն Աթոյանին։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ցույցի մասնակից Արփինե Մելիքսեթյանը նշեց, որ դասադուլի նպատակն է՝ արդարության վերականգնումն է․ «Կրթության և գիտության նախարարի որոշմամբ Հայրապետյանը հրաժարական տվեց։ Մենք պահանջում ենք, որպեսզի նա ետ վերադառնա և իր սկիզբ դրված բարեփոխումներն ավարտ ունենան»։ Ինչ վերաբերում է գրագողության հարցին, ուսանողուհու խոսքով, դա համակարգային խնդիր է, և միայն մեկ անձ չպետք է «տուժի և պատասխանատվություն կրի համակարգային խնդիրների համար»։ Նաև ասվեց, որ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի դեմ ուսանողները «ոչինչ չունեն»։ Վերջինս, նշենք, մտադիր է շարունակել բարեփոխումները, ինչը, սակայն, ուսանողներին հետ չի պահում դասադուլի գաղափարից։
Ավելի վաղ Հայրապետյանն անդրադարձել էր բողոքի ալիքին «Ֆեյսբուք» սոցցանցում։ Նա, մասնավորապես, գրել էր․ «Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Ուզում եմ ընդամենն ասել, որ նման արտահայտություն անողները վերջնականապես բացահայտում են իրենց ամբողջ քամահրանքը ուսանողների նկատմամբ: Իրենք հենց այդ կարծիքն ունեն ուսանողների մասին, որ նրանց կարելի է «օգտագործել»։
Օգոստոսի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը։ Մինչ այդ Հարությունյանը հանդիպել էր Ռուբեն Հայրապետյանի հետ, քննարկել բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը ռեկտորի պաշտոնակատարը հրապարակավ ընդունել է։