Անցյալ ամիս պաշտոնանկ արված Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։
Գլխավոր շտաբի արդեն նախկին պետը պաշտոնանկ է արվել 2020 թվականի հունիսի 8-ին՝ որդու հայտնի հարսանյաց արարողությունից մեկ օր անց։ Համավարակային ճգնաժամի, վարչապետի նախաձեռնած՝ «Հանրային վերահսկողության ֆլեշմոբի» ֆոնին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամուսնացնում էր որդուն․ հարսանիքին, ըստ շրջանառվող և չհերքված տեղեկությունների, ներկա էր նվազագույնը 100 հոգի, այդ թվում՝ մի շարք պետական պաշտոնյաներ։ Հարսանիքի հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին՝ ԳՇ պետի, Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի և Արման Սարգսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու առաջարկով։
Երեկ՝ հուլիսի 16-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – ասված է որոշման մեջ: