Գիշերվա ընթացքում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, առավոտյան հաղորդել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
«ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով», – ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Մեկ այլ հաղորդագրությամբ Պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Պաշտպանության նախարարության անունից տարածվող հաղորդագրություններին, իբր իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, և տեղեկացրել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Վաղ առավոտից սոցիական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ Պաշտպանության նախարարության անունից խուճապ տարածող սմս֊հաղորդագրություններ են ստացել։ ՊՆ֊ն նշում է, որ որևէ կապ այդ հաղորդագրությունների հետ չունի․ «Դա հակառակորդի հերթական կեղծ ապատեղեկատվությունն է»:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Հուլիսի 13-ից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները։ Կիրառվում է հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։
Հուլիսի 15-ի հարաբերական անդորրից հետո հուլիսի 16-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր նոր ռազմական բախումների մասին․ ըստ ՊՆ֊ի, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները երեկ գիշերը ավելի քան 100 հոգանոց կազմով դիվերսիոն հարձակում են գործել Տավուշի ուղղությամբ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, իսկ ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և D30 հաոբից: