Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին զսպվածության ու հրադադարի ռեժիմի պահպանման կոչ արել:
ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հավելել, որ ստացվող տեղեկատվության համաձայն՝ մարտական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան սպանվածներ և վիրավորներ։ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել իրավիճակի կայունացման համար կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Հաղորդագրություն է տարածել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Համաձայն հաղորդագրության՝ գլխավոր քարտուղար, Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել:
Նիստը, ըստ նախատեսվածի, պետք է կայանար այսօր, սակայն անորոշ ժամկետով հետաձգվել է՝ կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու, քննարկման ձևափաչը հստակեցնելու համար։
Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, նաև՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցներ է ունեցել։ Մնացականյանը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: Մամեդյարովն, ըստ հաղորդագրության, դիվանագետների հետ զրույցում «ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, դժգոհություն հայտնել և հայկական կողմի սադրանքը գնահատել որպես ագրեսիա»։
Իրավիճակին անդրադարձել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին խոսել է Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություննեի մասին, դատապարտել դրանք և տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը դրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ նշելով, որ
«արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զառնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»։ [Փաշինյանի ելույթի մասին ավելի մանրամասն՝ այստեղ]։
Իլհամ Ալիևն էլ «սահմանին սադրանք հրահրելու» մեջ մեղադրել է Հայաստանին․ ըստ նրա, հայկական զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Դա հայկական կողմի հերթական սադրանքն է։ Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել՝ վրեժ լուծելով մեր զինվորների զոհվելու համար։ Այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվել է»,- երկրի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է Ալիևը՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա և հատուկ ընգծելով, որ Ադրբեջանը երեկ «ոչ մի սանտիմետր իր տարածքից չի տվել թշնամուն»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ առավոտյան ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով՝ ետ մղվել։ Ավելի ուշ հայկական դիրքերը սկսել են հրետակոծվել։ Հրետակոծությունը ընդհատվել են գիշերը՝ 03։30-ից 05։30 սահմաններում, առավոտյան՝ կրկին վերսկսվել։
Հայկական կողմը հայտնել է, որ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայող երկու ոստիկաններ, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 4 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:
Հայաստանի ԱՆԳ-ն գիշերը հայտարարություն էր տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները։
Էսկալացիային ֆեյսբուքի իր էջի միջոցով երեկ ուշ գիշերը անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտգործնախարարության Տեղեկատվության և լրատվության վարչության պետ Մարիա Զախարովան։
«Պիտերյան ֆորումն ու Բաքվի «ЖАРА»-ն էր պակասում: Դե, հասկանում եք», – գրել էր ռուս դիվանագետը՝ հավանաբար, հղվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին (2019 թվականի հունիս 7, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով), որի ընթացքում վերջինս, մասնավորապես, նշել էր՝ «երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն» և պարզաբանել՝ «ճանապարհը մեկն է՝ փոխզիջումը», պետք է աշխատել փոխզիջման վրա, փոխզիջման համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք, «ինչպես ասել էր Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միմյանց շահերի գիտակցում և դրանց նկատմամբ հարգանք», և «Ժառա» երաժշտական փառատոնի ընթացում Ադրբեջանի նախագահի դստեր Լեյլա Ալիևայի հարցազրույցներից մեկին (2019 թվականի հուլիս)․ Ալիևան հայտարարել էր, որ երկրպագում է սիրուն, բարությանն, ուրախությանն ու կարծում, որ հաղթանակը ընկերության մեջ է։