Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ԶՈԻ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում», – գրել է ՊՆ խոսնակը։
Քիչ առաջ Ստեփանյանը հայտնել է նաև, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3047141085322031
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր իր 4-րդ զոհված զինծառայողի մասին՝ ավագ լեյտենանտ Մահմուդ Ռաշադի։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ առավոտյան ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով՝ ետ մղվել։ Ժամը 13:45-ին կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, «սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»:
Հայկական կողմը հայտնել է, որ կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 3 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:
Երեկոյան պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը 82 մմ ականանետից և տանկից վերսկսել է հրետակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ ՈւԱԶ-ով սահմանը խախտելու փորձ է կատարել: Շուշան Ստեփանյանը նշել է, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն, հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են:
Հայաստանի ԱՆԳ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները։