«Հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան», – Ֆեյսբուքի միջոցով հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի ուշ նա տեղեկացրեց, թե, դատելով «ադրբեջանցիների մասսայական գաղթից» իր էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, կարելի է եզրակացնել, որ, փաստորեն, հայաստանցի զինծառայողները «շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնում է, որ ադրբեջանական կողմից երկու զինծառայող է զոհվել, հինգը՝ վիրավոր են։ Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմը, խախտելով ադրբեջանա-հայկական սահմանը Թովուզի շրջանի հատվածում, հրետանակոծել է իրենց դիրքերը։