Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով մայոր Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար:
Ըստ պաշտոնական կենսագրության, Շուշան Շահենի Ստեփանյանը 32 տարեկան է, ծնվել է Ղարաբաղի Հադրութ քաղաքում։ Սովորել է Երևանի պետական հալասարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2007-2009 թթ. աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում` որպես հետաքննող լրագրող։
2009թ. ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից։ 2013-ին՝ նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից։
2015-2016 թթ. եղել է նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր, 2017-ին՝ խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ։
2018 – «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակից։ 2019-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում։
2009-ին թիմի կազմում ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում։
2014 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում։
Պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով:
Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր, հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, նշված է ՊՆ հաղորդագրությունում։