Ադրբեջանում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել, ասվում է Կառավարության օպերատիվ շտաբի հայտարարության մեջ։ 1969 թվականին ծնված կինը Իրանից վերադառնալուց անմիջապես հետո հիվանդանոց էր տեղափոխվել։ Գանգատվում էր երիկամային անբավարարությունից ու լուրջ իմունոդեֆիցիտից։ Վերադառնալու առաջին իսկ օրվանից գտնվել է բժիշկների վերահսկողության տակ, բայց կյանքը փրկել այդպես էլ չի հաջողվել։ Կնոջ ընտանիքի անդամներն ու նրա հետ շփում ունեցած բոլոր մարդիկ կարանտինի մեջ են։ Մահացածի անունը չեն հայտնում։
Ավելի վաղ Շտաբից հայտնել էին, որ երկրում վարակվածների թիվը հասել է 15֊ի, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Վրացական Stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի 25 հաստատված դեպք կա։ Մեծ մասը կապված են Իտալիայից ժամանած քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանում երեկ կորոնավիրուսի ևս երեք դեպք է հաստատվել։ Երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկն՝ Իտալիայի։ Երեքն էլ վերջերս են ժամանել Հայաստան, և ժամանման պահից եղել են հսկողության տակ։