Home / Առողջապահություն / Ադրբեջանը ևս մեկուսանում է

Ադրբեջանը ևս մեկուսանում է

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 1-ի տվյալներով հասել է երեքի։ Վարակի առաջին դեպքի մասին հաղորդել էր փետրվարի 29-ին․ Իրանից ժամանած 23-ամյա ռուսաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։

Առողջության միջազգային կազմակերպության հորդորդներն ու այլ երկրների փորձը հաշվի առնելով, որոշում է կայացվել երկու շաբաթով փակել Իրան֊Ադրբեջան սահմանը։

Իրանի իշխանությունների հետ համատեղ միջանցք կստեղծվի Իրանի քաղաքացիների վերադարձը Իրան և ադրբեջանցիների վերադարձն Ադրբեջան կազմակերպելու համար։ Անհրաժեշտության դեպքում Իրանի քաղաքացիներին հումանիտար անցագրեր կտրամադրվեն։ Իրանից վերադառնալ ցանկացող Ադրբեջանի քաղաքացիների համար դեսպանատանը թեժ գիծ կգործի։

Trend տեղեկատվական գործակալության տվյալներով, «Ադրբեջանական ավիաուղիները» չեղարկել է դեպի Իրան չվերթները։

Որոշում է կայացվել դադարեցնել կրթական հաստատությունների գործունեությունը։ Դպրոցներում մարտի 3-9 արձակուրդ կլինի։

Դեռ անցյալ շաբաթվանից «Փակեք դպրոցները», «Թույլ չենք տա կորոնավիրուսի մուտքը դպրոցներ» կարգախոսերով արշավ էր սկսվել։ Ստորագրահավաքներ էին կազմակերպում ու դիմումներ ներկայացնում վարչապետ Ալի Ասադովին ու կրթության և գիտության նախարար Ջեյհուն Բայրամովին՝ մարտին դպրոցները փակելու խնդրանքով։