Home / Առողջապահություն / Գերբնակեցում, կեղտ, մեկուսացում և Հոգեկան առողջության կենտրոնի այլ խնդիրները

Գերբնակեցում, կեղտ, մեկուսացում և Հոգեկան առողջության կենտրոնի այլ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրներ է արձանագրել առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում», որը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն։

  • Կենտրոնը գերբեռնված է, պահպանված չէ պացիենտների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. հիվանդասենյակներում արձանագրվել են իրար շատ մոտ տեղադրված մահճակալներ,
  • արձանագրվել են բաժանմունքի միջանցքներում տեղադրված մահճակալներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց միջանցքում պահելը, որտեղ ազատ շրջում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ անձինք՝ զրկելով նրանց մեկուսանալու և հանգստանալու հնարավորությունից, խիստ անընդունելի է,
  • արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները հնամաշ են և ոչ բավարար, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում՝ մյուս պացիենտների ներկայությամբ և այլն,
  • պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը,
  • հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ,
  • երկար տարիներ խնամքի և հարկադիր բուժում ստացող պացիենտները չեն ենթարկվում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության,
  • նեղ մասնագիտներից թերապևտի, նյարդաբանի և սրտաբանի հաստիքներից համալրված է միայն թերապևտինը,
  • նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպվում են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, և հոգեբույժներն իրենք են սոմատիկ հիվանդությունների պարագայում բուժում նշանակում, ինչն անընդունելի է,
  • բաժանմունքներն ունեն հիմնարար վերանորոգման կարիք, հիվանդասենյակների պայմաններն անբավարար են (հնամաշ մահճակալներ, կողապահարանների պակաս կամ բացակայություն, ոչ բավարար արհեստական լուսավորություն և այլն),
  • արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ.  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,
  • Կենտրոնի որոշ բաժանմունքների սանհանգույցներն ունեն վերանորոգման լուրջ կարիք,
  • բոլոր բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ, առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,
    Կենտրոնում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ մուտքերը սարքավորված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ,
  • մտահոգիչ է այն պացիենտներին սննդով ապահովելու խնդիրը, ովքեր տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով և ունեն դիետիկ սննդի կարիք,
  • բաժանմունքների ճաշասրահներում և խոհանոցներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն,
  • արձանագրվել են հատուկ ընթացակարգերի բացակայության պարագայում սննդից հրաժարվող անձանց հարկադիր կերակրմանն առնչվող խնդիրներ,
  • արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
  • հոգեբուժական կազմակերպություններում չափահաս կամ անգործունակ անձինք շարունակում են բուժում ստանալ իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ՝ գործնականում զրկված լինելով բուժման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից,
  • խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,
    բաժանմունքների մեծ մասը չունի առանձնացված զբոսաբակ անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկերը և նստարանները բացակայում են, զբոսանքի մատյանները պատշաճ չեն վարվում, զբոսանքի սահմանափակման վերաբերյալ գրառումները բավարար պատճառաբանված չեն եղել,
  • առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցն է,
  • ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնող անձանց տեսակցության իրավունքը չի ապահովվում,
  • անհատական բջջային հեռախոս չունեցող պացիենտները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարող զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ,
  • պացիենտները չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն),
  • դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 390 պացիենտ,
  • որոշ պացիենտներ չունեն անձնագրեր, ինչի պատճառով չեն կարողանում ստանալ կենսաթոշակ, և նրանց նկատմամբ հաշմանդամության կարգ չի կարող սահմանվել,
  • առկա է Կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են: