2020թ–ի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը։ Ավելի ուշ Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, սակայն, այս որոշումը չեն ընդունում։ Աշատակիցները բողոքի ակցիաներ են անցկացրել Կառավարության շենքի դիմաց, 108 աշխատակիցներից 86-ը աշխատանքից ազատման դիմում է գրել։
Իր ֆեյսբուքյան էջում իրավիճակին անդրադարձել է ՁԻԱՀ֊ի կանխարգելման կենտրոնի պացիենտ Արմեն Աղաջանովը․
«Երկար ժամանակ փորձել եմ լռել և չմտնել ՁԻԱՀ-ի կենտրոնի վերակազմավորման շուրջ ծավալված ներքին և սուբյեկտիվ խմորումների, քննարկումների մեջ:
Միացման մասին տեղեկության տարածման հենց սկզբից հանրությանն ուղղված ձեր ուղերձներում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները անընդհատ շեշտում են, որ այս ամենն արվում է միայն պացիենտների լավագույն շահի համար, որ ցավոք, պացիենտները վախենում են անձամբ խոսել, կարգավիճակը չբացահայտելու պատճառով չեն կարողանում բարձրաձայնել իրենց մտահոգությունները, և դուք որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար ամենամտահոգ անձնակազմ, ստանձնում եք այս պատասխանատվությունը և մեր անունից հայտարարում եք, որ մեր ձայնն եք, որ դեմ եք միանալուն և պահանջում եք մասնագիտական քննարկում, որ այս ամենն անում եք պացիենտի համար, որովհետև պացիենտը և նրա առողջությունը «առաջնային» է ձեզ համար։ Բարի։
Դուք շեշտադրում եք, որ մեզ միշտ շատ մեծ բարությամբ և հոգատարությամբ եք վերաբերվել, որ դուք բոլորդ շատ մտահոգված եք մեր առողջությունով և կանեք ամեն ինչ, որպեսզի մեզ լավ զգանք, մեր առողջությունը չտուժի: Լավ, Բարի։
Երբ, որպես պացիենտ, խոսում եմ իմ նկատմամբ թույլ տված սխալների, ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի մասին, ինձ բուլինգի են ենթարկում կենտրոնի ներկա ու նախկին աշխատակիցները: Ինձ վերաբերող անձնական և բժշկական տեղեկատվությունը բացահայտվում է:
Հիմա ես չեմ ուզում շոշափել հին միջադեպերի էությունը, բայց կենտրոնի համապատասխան աշխատակիցները լավ տեղեկացված են դրանց մասին, անհրաժեշտության դեպքում կարող եմ ձեզ հիշեցնել բոլորը ապացույցներով (խտրականություն, սպառնալիքներ, մերժում և այլն): Բայց դուք դրանից հետո շարունակում եք նորից գոռալ, որ Պացիենտի շահը «առաջնային» տեղում է, միևնույն ժամանակ պացիենտի նկատմամբ դրսևորոելով ծաղրանք, ճնշում, նվաստացում և այլ ոչ ընդունելի բաներ:
Ձեր կազմակերպած ակցիաների ժամանակ մամուլի ներկայությամբ ասում եք, որ ձեր կողմից կազմակերպված այս գործողություններից կենտրոնի աշխատանքը չի խաթարվում, որ ոչ մի պացիենտ առանց բժշկական սպասարկման չի մնում և չի տուժում, բոլոր ծառայությունները տրամադրվում են պատշաճ մակարդակով, մինչդեռ մի ամբողջ բժշկական հաստատություն ազատման դիմում է գրում և սպիտակ խալաթը հագին դուրս գալիս կենտրոնից՝ միջանցքում թողնելով իրեն սպասող պացիենտին և հորդորում զանգել Առողջապահության նախարարության թեժ գծին։
Բուժսպասարկման բաժինը չի կարող նման կերպ գնալ ու թողնել մեր առողջությունը անորոշ վիճկում, ինձ և ավելի քան 2000 մարդու թողնել առանց բուժման և հսկողության, իսկ հետո խոսի այն մասին, թե դա անում է հենց պացիենտի համար։ Միգուցե այս ամենն այլ թաքնված պատճառներ ունի՞։ Իսկապե՞ս առաջնային պացիենտն է։ Իսկապե՞ս մտահոգված եք մեր առողջությամբ։
Իսկապե՞ս այս ողջ պայքարը մեր բարօրրության համար է։ Կուզենայի որ դա այդպես լիներ։
Հիմա ավելին, քան երբեք, ես կասկածում եմ նման պահվածքի ձեր իրական դրդապատճառների վերաբերյալ: Սա ավելի նմանվում է շանտաժի և մանիպուլյացիաների։
Արդյո՞ք ձեր հարցազրույցներում, գործողություններում ու հայտարարություններում ձեր իրական նպատակներն են, թե այս ամենն անում եք ճնշումների ներքո:
Ի՞նչ եք կարծում, ձեր գործողությունները հիմա է՞լ են համապատասխանում ձեր հայտարարած գաղափարին և նպատակին ՝ պաշտպանել պացիենտներին, պացիենտները «առաջնային» են:
Ես երախտապարտ կլինեմ, եթե ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և նրա համապատասխան աշխատակիցները կարողանան պատասխանել այս հարցերին:
Հույս ունեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այնքան ներուժ կունենա, որ կկառավարի այս ճգնաժամային իրավիճակը և ոչ մի պացիենտ չի տուժի ձեր կամայական վերաբերմունքի պատճառով և կբացահայտվեն այս ամենի իրական դրդապատճառներն ու դերակատարները, իսկ այն բժիշկը, որ միջանցքում է թողել իր հետևից նայող պացիենտին, ոտնահարել է նրա իրավունքը, խտրական է վերաբերվել, այլևս տեղ չի ունենա առողջապահական համարգում:
Անունս՝ Արմեն Աղաջանով է, կամ ձեր որոշ «մասնագետների» ասած «աղաջանովներ»։ Իմ էպիդ համարը 2926 (նախկինում F70)
Հ.Գ․ Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ այն բոլոր բուժ-աշխատողներին, որոնք այս տարիների ընթացքում իրենց պարտականությունները կատարել են լիարժեք և բարեխիղճ, դուք իրոք կյանքեր եք փրկել, շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նաև այն մի քանի ազնիվ ու իսկապես բժշկի կոչմանն արժանի մարդկանց, որոնք չեն միացել այս կեղծիքին, չեն ստորագրել ազատման դիմումներ և շարունակում են աշխատել ի նպաստ ՄԻԱՎ-ով ապրող մարդու բարօրության:
Հ․Գ․ մշտապես շահարկվում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ չեն կարողանում իրենց ձայնը լսելի դարձնել և բաց դեմքով խոսել, ասել իրենց դիրքորոշումը, ցավոք դա մերօրյա իրականությունն է, որը շատ փորձառու կերպով օգտագործվել է և ներկայացվել ցանկալի լույսի ներքո։ Ուզում եմ շեշտել, որ նամակս արտահայտում է բազմաթիվ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կարծիքը և դիրքորոշումը, որոնք կաշկանդված են հրապարակային խոսելու և արտահայտելու իրենց կարծիքը»։