Պոլտավայի մարզի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ տեղի սանատորիաներից մեկում Չինաստանից տարհանված քաղաքացիների համար կազմակերպված կարանտինային գոտու։ Նովիե Սանժարիում ցուցարարները մի քանի տասնյակ իրար կցված ավտոմեքենանորով արգելափակել են մայրուղին։ Սպառնում են անվադողեր այրել։
Դեպի Պոլտավա ճանապարհն ազատելու համար ռազմական տեխնիկա են բերել, աշխատում են ոստիկանական և Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների մեջ բախումներ են տեղի ունեցել։
Իշխանությունները խոսատացել են տարհանված քաղաքացիներին կարանտինի վայր տեղափոխել պահակախմբերի ուղեկցությամբ։
Լվովի շրջանում մարդիկ անվադողերով փակել են դեպի ռազմական հիվանդանոց տանող ճանապարհը՝ վախենալով, որ այնտեղ ևս կարող են Չինաստանից տարհանվածների տեղափոխել։ Խուճապը սկսվել էր երեկ երեկոյան, երբ հիվանդանոցից որոշ հիվանդների էվակուացնում էին։ Հիվանդանոցի ղեկավարությունն այդ տարհանումները բացատրել է զորավարժություններով և հերքել Չինաստանից եկած քաղաքացիների՝ այդտեղ տեղափոխելու մասին մտահոգությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատաբար է խոսել ցուցարարների մասին։ «Դրանով մենք մեր լավագո՛ւյն կողմը չենք ցուցադրում»,֊ ֆեյսբուքի իր էջում գրել է Զելենսկին։
Չինաստանից տարհանվածներին տեղափոխող ինքնաթիռը Խարկովի օդանավակայան հասել է այսօր՝ մառախուղի պատճառով Կիևում միջանկյալ վայրէջքով։ Ուկրաինա են տեղափոխվել 72 հոգի՝ 45 ուկրաինայի քաղաքացի և 27 օտարերկրացի։ Իշխանությունների հավաստիացմամբ, հիվանդության ախտանիշներ նրանց մոտ չկան։
https://www.facebook.com/zelenskiy95/posts/2465696640347364
Կորոնավիրուսի համաճարակը սկսցել է 2019-ի դեկտեմբերին Չինաստանում։ Վերջին տվյալներով, վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 75 հազարը։ Վիրուսի պատճառով մահացել է ավելի քան 2 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջապահության ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակ է հայտարարել։