Home / Բանակ / Ուկրաինայի արևելքում կրակում են «պատերազմի ավարտից» հետո․ կան զոհեր

Ուկրաինայի արևելքում կրակում են «պատերազմի ավարտից» հետո․ կան զոհեր

Դոնբասի ռուսամետ զինված խմբավորումները հրաձգություն են սկսել ուկրաինական զորքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Նովոտոշկովսկոյե, Օրեխովո, Կրիմսկոյե, Խուտոր Վոլնի բնակավայրերի հարևանությամբ, հայտնում է Ուկրաինայի միացյալ ուժերի շտաբի մամուլի ծառայությունը։

https://www.facebook.com/pressjfo.news/photos/a.364697644022858/792933937865891/?type=3&theater

«Օկուպանտները մեր պաշտպանների ուղղությամբ կրակում են Մինսկի համաձայնությամբ արգելված զինատեսակներից։ Օգտագործում են 120մմ֊անոց ականանետեր։ Կրակ են բացում նռնականետերով ու խոշոր տրամաչափի գնդացիրներով», – ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Ուկրաինական կողմի զինծառայողների տվյալներով, հակառակորդը ակտիվ հարձակվողական գործողությունների է անցել և անգամ փորձել է հատել սահմանային գիծը։

Հաղորդվում է զոհերի մասին, որոնց թիվը, սակայն, չի հստակեցվում։

«Սա պարզապես ցինիկ սադրանք չէր։ Սա Դոնբասի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը խանգարելու փորձ էր, իսկ այդ ուղղությամբ մենք առաջ էինք շարժվում՝ ոչ մեծ, բայց անսասան քայլերով», – իրավիճակի սրացումը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունից (ԼԺՀ) պնդում են, որ Ուկրաինայի ռազմական ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել իրենց չորս բնակավայրերի ուղղությամբ։

Փետրվարի 15-ին Վլադիմիր Զելենսկին Մյունխենի կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ անձամբ իր համար Ուկրաինայի պատերազմն ավարտված է։

Դրանից մեկ օր առաջ հաղորդվել էր Զելենսկու ու Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Զելենսկու մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահները զրուցել են նախորդ տարվա դեկտեմբերին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացման հետ կապված հարցերն ու «Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Դոնբասում և Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակմանը։

Կրեմլը հաղորդել է, որ խոսակցությունը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են ուկրաինական հակամարտության հետ կապված հարցեր։