Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի դիմումը։ Վարչապետն այդ դիմումը գրել էր յութուբում հայտնված ձայնագրությունների պատճառով, որոնցում իր ձայնին նման ձայնը ոչ կոմպետենտ է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Դուք գիտեք իմ վերաբերմունքը անձամբ ձեր և ձեր երիտասարդ կառավարության նկատմամբ։ Մտածեցի, և կարծում եմ այդպես ճիշտ կլինի, շանս տալ ձեզ և ձեր կառավարությանը լուծել հասարակությանն անհանգստացնող հիմնական խնդիրները», – հանդիպման ժամանակ ասել է Զելենսկին։
Նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահը կառավարության առաջ անհետաձգելի խնդիրներ է դրել, հայտարարելով, որ «հիմա երկիրը տնտեսապես ու քաղաքականապես սասանելու ժամանակը չէ»։
Ավելի վաղ Գոնչարուկը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու հանձնել նախագահին՝ խորհրդարանին փոխանցելու իրավունքով։ Ուկրաինայի Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, վարչապետը հրաժարականի մասին դիմումը պետք է ներկայացնի Գերագույն Ռադային․ վարչապետի հրաժարականը ենթադրում է ամբողջ կառավարության հրաժարականը։ Այնուամենայնիվ, Գոնչարուկն իր դիմումը նախագահին էր ներկայացրել։
Ֆեյսբուքի իր էջում վարչապետը բացատրել էր այդ որոշումը․ «Ես այս պաշտոնը ստանձնել եմ նախագահի ծրագիրն իրականացնելու համար։ Նա ինձ համար բացության ու ազնվության օրինակ է։ Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության հետ կապված կասկածները ցրելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու փոխանցել անձամբ նախագահին՝ խորհրդարան ներկայացնելու իրավունքով»։
Զելենսկին իրավապահ մարմիններին հանձնարարել է երկու շաբաթվա ընթացքում պարզել ոչ պաշտոնական հանդիպումը ձայնագրողների ու հրապարակողների ինքնությունը։