ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել։ Որպես չվճարված հարկ Ղազարյանը մոտ 3 միլիարդ դրամ պետությանն է վերադարձրել։
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքով՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։
«Նախաքննության ընթացքում Ղազարյանն ու Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Ղազարյանին, Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին», – հայտնել է Օհանջանյանը:
Ավելի վաղ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և 2018-ի ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել էր նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
«Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թվականի հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։