Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպումը ոչ մի նշաձողին կամ որևէ պատշաճ չափանիշին չէր համապատասխանում։ Այս մասին ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Դրա հետ մեկտեղ նա նշել է՝ պետք էր հասկանալ, թե ինչ լսարանի առջև էր ընթանում բանավեճը։
Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու են գալիս աշխարհի միջազգային քաղաքականությունը որոշողները և անվտանգության բնագավառի փորձագետների համայնքը, նկատել է Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում․
«Սա բավականին լուրջ լսարան է, որը հետաքրքրված է հակամարտությունների վերլուծությամբ և դրանց կարգավորման բանալիներով, և երբ այդ լսարանի առաջ ելույթ են ունենում պետության ղեկավարները, նրանք պետք է առաջին հերթին մտածեն, թե ինչ կերպ կկարողանան ներկայացնել հակամարտության էությունը և դրա լուծման հնարավորությունները»։
Բանախոսը խոստովանում է, որ սադրանքն արեց Ադրբեջանի նախագահը՝ սկսելով «պատմական թեմաների ակնարկը», իսկ դա Զուրաբյանն աբսուրդ է համարում․ «Նման լսարանի առաջ պատմական ակնարկները, պատմական հիմնավորումները, պատմական փաստարկումը ունի զրոյական արժեք։ Ավելին, նման փաստարկումը վնասում է այդ ղեկավարների իմիջին և նրանց ընկալմանը միջազգային հանրության կողմից»։
ՀԱԿ-ի փոխնախագահն այս գործելաոճը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ գերմանացիները կասեն, որ Կալինինգրադը պատմականորեն պրուսական քաղաք էր, Կյոնիգսբերգ էր, իրենցը պետք է լինի, հույները կասեն՝ ամբողջ արևմտյան Թուրքիան իրենց պատմական տարածքն է՝ Աթենքի, Սպարտայի պատմությունից սկսած․
«Պատմական ակնարկները տեղին չէին։ Այդ լսարանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ կռիվ է գնում ինչ֊որ աբորիգենների միջև, որոնք ասում են՝ իմ հայրը, իմ պապն էս անտառում որս է արել, ես էլ պիտի շարունակեմ էս անտառում որս անել։
Մոտավորապես էդ մակարդակի դիսկուսիայի է դա նմանվում։ Բնականաբար, սա շատ վատ տպավորություն է թողնում»։
Հայաստանի վարչապետը, Լևոն Զուրաբյանի համոզմամբ, պետք է ասեր, որ սա լուրջ լսարան է և պետք է մի կողմ դնել պատմական փաստարկները, և առաջարկեր ներկայացնել հակամարտության էությունը։
Պատմական փաստարկումների մեջ չներքաշվելով, Փաշինյանը շահեկանորեն կտարբերվեր Ալիևից, սակայն դա տեղի չունեցավ, ինչի պատճառով երկուսն էլ պարտվեցին, ասաց Զուրաբյանը։
«Հարց է ծագում․ ինչո՞ւ այդպես վարվեցին։ Բանն այն է, որ, ցավոք սրտի, իրենք ո՛չ թե էդ լսարանին էին ուղղում իրենց մեսիջը, ոչ թե այդ լսարանի հետ էին խոսում, այլ սեփական ժողովուրդների, հանրությունների հետ էին իրականում խոսում։ Եվ ուզում էին ցույց տալ՝ ահա՛, ես այստեղ իրեն հաղթեցի, իրեն նվաստացրեցի, էս փաստարկին պատասխանեցի։
Ցավոք սրտի, կան, փաստորեն, միջազգային քաղաքականության մեջ մարդիկ, ղեկավարներ, որոնք չեն հասկանում տարբերությունը սեփական հանրությանը դուր գալու և սեփական հանրության շահերը պաշտպանելու միջև։ Սա իրականում շատ կարևոր և նուրբ տարբերություն է․․․
Ցավոք սրտի, հայկական քաղաքական էլիտայում դա արմատավորվել է արդեն՝ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Ես Եվրոպայի Խորհրդում էլ եմ տեսնում՝ առաջ ոնց էին խոսում, հիմա ոնց են խոսում․ այնտեղ գնում են ադրբեջանցիներին «ոչնչացնելու» ու հետո էդ ձայնագրությունները կամ տեսագրությունները սեփական լսարանին ներկայացնելու համար»։ Իսկ դա, հավելեց Զուրաբյանը, կործանարար է հանրության շահի տեսակետից, որովհետև նման գործելաոճը չի ընկալվում ո՛չ Եվրոպայի Խորհրդում, ո՛չ մյունխենյան կոնֆերանսում։
«Ընդամենը պետք էր ներկայացնել ղարաբաղյան հակամարտության էությունն այնպես, ինչպես պատկերացնում ենք մենք և Արցախը, որն, ըստ էության, նույնն է, և մեզ համար ցանկալի լուծման ուղիները», ֊ շեշտել է Լևոն Զուրաբյանը։