Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը փորձում է քաղաքական իր կոնկուրենտներին բերել անկեղծության Ղարաբաղի հարցում և ստիպել ներկայացնել Ղարաբաղի հարցի լուծման իրենց ռեալ իրագործելի սցենարները: Սա շատ նման է 2017-ի պառլամենտական ընտրություններում Տեր-Պետրոսյանի մոտեցմանը, երբ նա չէր ալարել, ընդգծել էր ընտրարշավորդների ծրագրերում Ղարաբաղին նվիրված հատվածները և ցույց էր տալիս, որ նրանցից քչերն են իրենց մոտեցումները բխեցնում հարցի կարգավորման առկա պայմաններից:
Ընդ որում, Փաշինյանի քաղաքական ուժը այդ ժամանակ լղոզել էր Ղարաբաղի հարցը իր ուզած ձևով: Արդեն լինելով իշխանություն՝ Փաշինյանը չի կարող «Ելք» դաշինքի ծրագրային ականջահաճո դրույթները առաջ տանել Ղարաբաղի հարցով, բայց նա չի ուզում ինքը լինել հասարակությանը ցավոտ իրողություններ հաղորդողը, նա գնում է ապարդյուն ճանապարհով բոլոր ուժերի բերանից դուրս բերելու խոստովանություններ:
Իմ կարծիքով, ապարդյուն ճիգ է Հայաստանում քաղաքական ուժերին բերել առերեսման այս հարցով: Ղարաբաղցի պաշտոնյաները չուշացան դա փաստել: Ենթադրենք, թե նրանք իսկապես իրական են՝ Ղարաբաղի նախագահության թեկնածուները, և հպանցիկ անդրադառնանք նրանց հայտարարություններին: Նրանցից երեքը՝ Հարությունյանը, Ղուլյանը և Մայիլյանը, առնվազն նորելուկ չեն, նրանք բարձր պաշտոններ են զբաղեցրել Ղարաբաղում դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ՝ համապատասխանաբար լինելով Ղարաբաղի վարչապետ, պառլամենտի նախագահ և ԱԳ նախարար, լոյալ են եղել Սերժ Սարգսյանի քաղաքականությանը և դեմ չեն եղել նրա վարած քաղաքականությանը: Այսօր երբ նրանք միաբերան իրենց պատռելով ժխտեցին նախկինում տարվող քաղաքականությունը և դրա դեմ իրենց մաքսիմալիստական հայտարարությունները արեցին, կարելի է հստակ արձանագրել, որ սրանցից ոչ մեկը արժանի չէ ռեաբիլիտացվել որպես հետսերժյան գործիչ: Այս մարդիկ վերարտադրում են պարզ քաղաքական դեմագոգիա:
Չորրորդ թեկնածու Խանումյանը, իհարկե, իշխանության մաս չի եղել, հավանաբար, չի էլ ակնկալում, որ կլինի, հետևաբար, պատասխանատվություն կիսելու կարիք չունի: Ամեն դեպքում չորս թեկնածուն հայտարարեցին, որ չեն ընդունում լուծման առաջարկվող ձևաչափը, ուրեմն պետք է ակնկալել, որ սրանցից մեկի նախագահելու և բանակցային սեղանի մոտ նստելու դեպքում Ղարաբաղը կտապալի բանակցությունները, այսինքն՝ կողմերից մեկը, որին առաջարկվում է սեղանի մոտ բերել, բանակցելու բան չի ունենա:
Այս հայտարարությունների մեջ կարևորը իշխանության դիրքն է, որ պատասխանատու կողմ է, և ի տարբերություն Ղարաբաղի, բանակցությունների է գնում:
Նախ՝ ես չեմ հասկանում՝ ինչ ասել է Սերժ Սարգսյանից մնացած ժառանգություն, եթե սա փորձ է հարցի ներկա վիճակը բարդել Ս.Ս.-ի վրա, ապա դա հանիրավի է: Երեք սկզբունք/վեց էլեմենտը երկար պատմություն ունի, առհասարակ 94-ից մինչև հիմա բանակցությունները եղել են փոխզիջումների շուրջ:
Երկրորդ՝ ինչ է նշանակում այժմ սեղանին փաստաթուղթ չկա, այսինքն՝ 2007-ից մինչև հիմա եղած Մադրիդյան փաստաթուղթը դո՞ւրս է եկել օրակարգից:
Երրորդ՝ Փաշինյանը գերագնահատում է իր թափանցիկությունը Ղարաբաղի հարցում կամ պարզապես չի հետևել, չգիտի մինչ ինքը եղած կոմունիկացիան, այլապես իրեն կդներ վերջին՝ չորրորդ տեղում: Կոմունիկացիայի առաջատարը այս հարցում դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանն է, նրանից հետո բանակցությունների մասին հանրությանը տրվող տեղեկությունները եղել են հնարավորինս սուղ:
Չորրորդը՝ ո՞րն է ներկա իշխանության դիրքորոշումը ժառանգություն մնացած Ղարաբաղի հարցի մասին: Ասել, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի հայաստանցիների, ղարաբաղցիների և ադրբեջանցերիների համար, նշանակում է, ոչինչ չասել, երբ ցույց չես տալիս այն կետը, որտեղ սրանք պիտի համերաշխվեն: Վերջապես կարևոր է հասկանալ՝ էլիտանե՞րը, թե՞ ժողովուրդներն են թշնամության ակունքը:
P.S. Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս խորհուրդ տվեց ստատուս գրելուց առաջ զանգել, պետական ապարատից ճշտել, հետո մի բան գրել: Երևի էս հարցերն էլ նամակով վարչապետին ուղարկեմ, հետաքրքիր է, թե ինչ պատասխան կստանամ։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ