հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Նոր վիրուսը շարունակում է տարածվել, Հայաստանը փակելու կարիք չկա

Նոր վիրուսը շարունակում է տարածվել, Հայաստանը փակելու կարիք չկա

Չինական Ուանհամի քաղաքապետը հայտարարել է, որ հունվարի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի արդյունքում վեց մարդ է մահացել։ «Ուանհամում գրանցվել է նոր վիրուսով հիվանդացածների 258 դեպք», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է քաղաքապետը։ Հիվանդանոցներ տեղափոխվել են 227 մարդ, որոնցից 51-ը ծանր վիճակում են, 12-ը՝ կրիտիկական։

Չինաստանի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսով հիվանդանալու 291 դեպք։ Ուանհամից բացի դեպքեր գրանցել են ևս վեց քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում և Շանհայում։

Ավելի վաղ հիվանդության ոչ մեծ քանակի դեպքեր գրանցվել են նաև Ճապոնիայում, Թաիլանդում և Հարավային Կորեայում։

Այսօր ԱԺ նիստի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նախարարությունը ծանոթ է Չինաստանում ընթացող իրադարձություններին, սահմաններում իրականացվում է ժամանող ուղևորների ջերմաչափում։ Այս պահին արձանագրված դեպքեր չկան, հետևաբար սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք նույնպես չկա։

Նախարարը խոսելով վիրուսի մասին, նշել է․ «Կարող եմ ասել, որ ինքը հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ։ Եվ այսօր նաև հետազոտական ուղղությամբ աշխատանքներ են տեղի ունենում, որ ստեղծվի դրա նկատմամբ վակցինա և բուժման միջոց, որը իհարկե շատ արագ տեղի չի ունենա։ Հատուկ բուժման տեսակ դրա համար չկա, բուժվում է մնացած վիրուսների պես»։

Թորոսյանը կոչ արեց հիվանդ լինելու դեպքում դիմել բժշկի, չշփվել հիվանդների հետ, չթողնել, որ դեպքը զարգանա։

«Դեպքերի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի որևէ միջոցառում ձեռնարկել ՀՀ֊ում՝ կձեռնարկենք և եթե կարիք լինի կոչ անել քաղաքացիներին ինչ֊որ տեսակի վարքագիծ դրսևորել՝ էլի դրա մասին կհայտնենք», ֊ նշել է նախարարը։