Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից Հայաստանի բանակի բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):
Զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:
Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։