Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։
Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։ Հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։
Վերջիններիս, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։
Բացի այդ, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։
Քրեակատարողական ծառայությունը հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան, միաժամանակ, մեկ անգամ ևս ազատությունից զրկված անձանց հարազատներին հորդորում է զերծ մնալ քրեակատարողական հիմնարկներ այցելելուց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է հենց կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության պահպանման կարևորությամբ։