Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկված փոփոխությունները պատգամավորներին հնարավորություն են տալիս անարգել տեսակցել ՔԿՀ֊ներում գտնվող անձանց։ Օրենսդրական նախագիծն առաջարկվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը դեմ էր նախագծի ընդունմանը։ Նա պնդում էր, որ Հայաստանում նման նախագծի կարիք չկա։
«Գործող օրենսդրությամբ որևէ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց։ Ոչ մի լրացուցիչ կարգավորում դա չի պահանջում։ Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է դրված լինում տեսակցության վերաբերյալ։ Այս նախագիծն այդ հարցը չի կարգավորում»։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նման խնդրի բախվելու օրինակներ բերեցին։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։