Սիրիական Իդլիբ նահանգում հրադադարը կսկսվի մարտի 6-ից, այս մասին երեկ՝ մարտի 5-ին, Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպումը տևել է 5 ժամ 40 րոպե։
Հանդիպումից հետո նախագահները հայտարարել են անվտանգության միջանցքի բացման ու մարտի 6-ի կեսգիշերից սկսած հրադադարի ռեժիմի մասին։
«Հույս եմ հայտնում, որ այս պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան Իդլիբյան դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման համար ու վերջ կդնեն խաղաղ բնակչության զրկանքներին ու տառապանքներին», – Պուտինի հայտարարությունից մեջբերում է Ռեյթեր գործակալությունը։
Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների հանդիպման հենց սկզբում Պուտինը նշեց այդ խոսակցության հրատապության հիմնական պատճառը․ ռազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ առաջին հայացքից կռվում են Բաշար Ասադի ղեկավարած սիրիական կառավարական բանակն ու ապստամբները (որոնք Ռուսաստանում ահաբեկիչներ են համարվում), բայց իրականում բոլորին հայտնի է, որ այդ նահանգի ռազմական գործողություններում ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի ռազմական ուժերն ու ռուսական ստորաբաժանումները։
Կրեմլի հովանու ներքո գործող Ասադի բանակը մեղադրվում է Իդլիբում հազարավոր խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Դեկտեմբերի 1-ից սկսած ռմբակոծությունների հաճախությունն անհամեմատ մեծացել էր։ ՄԱԿ֊ի գնահատմամբ, Սիրիայի այդ շրջանը լքել են ավելի քան 950 հազար փախստականներ։
Սիրիական կառավարական ուժերի գործողությունների արդյունքում թուրքական կողմի մի քանի տասնյակ զինծառայող է սպանվել։
Մերձավոր արևելյան դիտորդների կարծիքով, Իդլիբում խաղաղության հաստատումը Էրդողանի նպատակն էր, որին նա նա այս բանակցությունների արդյունքում հասավ։ Նա ընդգծեց, որ թուրքական կողմը նախկինում ևս Ռուսաստանի հետ խորհրդակցել է Սիրիայի հետ կապված հարցերում։
Հանդիպման վերջում երկու նախագահները խոսեցին այս հակամարտության իրենց համար ցավոտ կետերից։ Վլադիմիր Պուտինը պատմեց, որ ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազան պարբերաբար ենթարկվում է «ծայրահեղականների» (նա այդպես էլ չօգտագործեց «ահաբեկիչ» բառը) հարձակումներին, իսկ Էրդողանը պնդեց, որ թուրքական կողմն իրավունք ունի պատասխանել Սիրիայի կառավարական բանակի հարձակումներին։
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընթերցեց համաձայնությամբ սահմանված պայմանները, որոնց շարքում էր Լաթակիա֊Հալեպ ճանապարհի երկայնքով 12 կմ հաստությամբ անվտանգության միջանցքի կազմակերպումը։