Իդլիբ նահանգում սիրիական և թուրքական ուժերի միջև ռազմական բախումները կարող են Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների վերանայման տեղիք տալ։ Էրդողանն ուլտիմատում է ներկայացրել․ մինչև փետրվարի վերջ Ասադի ուժերը, որոնց աջակցում է Ռուսաստանը, պետք է հեռանան Իդլիբից։
Անկարան փորձում է խուսափել հակամարտության սրացումից և պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Սակայն Իդլիբում ձախողելու դեպքում Թուրքիան ներքաղաքական խնդիրների առաջ կարող է կանգնել։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել է, որ Իդլիբում հակամարտության սրացումից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ։ Նախորդ դեսպան Անդրեյ Կարլովը 2016-ի դեկտեմբերին Անկարայում սպանվել էր։
Վերլուծաբան Ժողեֆ Դաերի կարծիքով, սիրիական ռեժիմի դեմ մեծամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Թուրքիան ավելի շահեկան դիրքում կլինի։ Այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան չի ցանկանում վտանգի տակ դնել Մոսկվայի հետ հարաբերությունները։
«Մոսկվան միակ խաղացողն է, որն ի զորու է ցանկացած պահի զսպել Դամասկոսին ու կանգնացնել Ասադի՝ Թուրքիայի նկատմամբ ագրեսիան։ Թուրքիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները Անկարայի աճող միջազգային մեկուսացման ֆոնին՝ հատկապես արևմտյան և մերձարևելյան գերտերությունների հետ փոխհարաբերությունների հարցում», – նշում է պրոֆեսոր Դաերը։
Մոսկվայի հասցեին արված կտրուկ հայտարարություններից հետո Էրդողանը նշել է, որ ցանկացած դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան պետք է ձգտեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։