հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սիրիայում թուրքական կողմի 33 զինծառայող է սպանվել

Սիրիայում թուրքական կողմի 33 զինծառայող է սպանվել

Օդային հարձակման արդյունքում սիրիական Իդլիբ նահանգում թուրքական կողմի նվազագույնը 33 զինծառայող է զոհվել, հայտնում է Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայի մարզի նահանգապետ Ռահմի Դողանը։

Նրա փոխանցմամբ, հարվածը հասցրել են «սիրիական ռեժիմի» ռազմաօդային ուժերը։ Այս փաստի այլ հաստատում դեռևս չկա։ Սիրիական իշխանություններն իրավիճակը չեն մեկնաբանում։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության պատասխանատու Ֆահրեթին Ալթունը հայտնում է, այս հարձակմանն ի պատասխան, Իդլիբի թուրքական զորաջոկատները կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի նշանակետերի» ուղղությամբ։

Սիրիայի հետ սահմանին թուրքական զորքերի կողմից իրականցվող գործողությունը համակարգելու համար սահմանագիծ են գնացել Թուրքիայի Պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան սպաներ։

Իրավիճակն Իդլիբում

Իդլիբն ընդդիմության վերահսկողության տակ մնացած միակ սիրիական շրջանն է։ Այնտեղ են բնակվում Սիրիայի այլ շրջաններից ավելի քան 3.5 միլիոն փախստականներ, ովքեր չեն ցանկացել ապրել Դամասկոսի ռեժիմի իշխանության տակ։

Անկարան ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիական ընդդիմությանը։ Ռուսաստանն օգնում է կառավարական ուժերին։

Իրավիճակն Իդլիբում սրվել է թուրքական կողմի հայտարարությունից հետո, որով Դամասկոսից պահանջում էին զորքերը հեռացնել նահանգում գտնվող թուրքական դիտորդական դիրքերից։ Հակառակ դեպքում Անկարան սպառնում էր վռնդել նրանց այդտեղից։

Երեկ՝ փետրվարի 27-ին, սիրիական ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց հաջողվել է գրավել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Սարակիբ քաղաքը, որը փետրվարի 7-ին օկուպացրել էին ռեժիմի ուժերը՝ Ռուսաստանի օգնությամբ։ Ռուսական կողմի պնդմամբ, քաղաքի ուղղությամբ ընդդիմության հարձակումները հաջողությամբ կանխվել են։

Չդադարող ռազմական գործողությունների պատճառով շուրջ մեկ միլիոն սիրիացիներ հեռացել են Իդլիբից։

Ինչ է ասում Ռուսաստանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ թուրքական կողմի տուժած զինծառայողների մասին իմանալուց հետո, ռուսական կողմը սիրիական զորքերին հորդորել է դադարեցնել հրաձգությունն ու միջոցներ է ձեռնարկել զոհվածների ու վիրավորների անվտանգ տարհանումը դեպի Թուրքիա կազմակերպելու համար։ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրում չի կիրառվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 19-ին ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի կազմակերպված քննարկման ժամանակ Ռուսաստանը մերժում էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների դադարեցման կոչերը։

Բելգիայի ու Գերմանիայի հայրարարություններին ի պատասխան, ռուսական դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարեց, որ խաղաղության հաստատման համար նախևառաջ պետք է արևմտյան երկրները «դադարեն պաշտպանել գրոհայիններին»։