հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ։ Այսօր Մեդիա կենտրոնում «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Նա խոսեց ՀԿ֊ի կողմից արված «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման» վերաբերյալ հետազոտության մասին։ Նա նշում է, որ այն թույլ է տալիս տեսնել առարկայական խնդիրները, որոնք դեռևս գործնականում չեն կարգավորվում․ «Վերասոցիալականացման գործում դիտարկվել են մի քանի կոմպոնենտներ․

  • աշխատանքով զբաղվածությունը,
  • կրթության կազմակերպման հնարավորությունները,
  • ազատ ժամանցի, ժամանակը արդյունավետ տնօրինելու միջոցները»։

Վերջին կոմպոնենտի կոնտեքստում դիտարկվել են տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը և ինքնագործ միավորումների գործունեությունը։ Կարևոր բաղադրիչներից մեկը նաև արտաքին աշխարհի հետ կապի պահպանումն է։ Այս համատեքստում դիտարկվում են կարճատև, երկարատև տեսակցությունները, կարճաժամկետ մեկնումները, տեսազանգի և հեռախոսազանգի հնարավորությունը։

ՀԿ նախագահը նշում է, որ շատ կարևոր խնդիր է այն, որ օրենսդրական կարգավորումների մակարդակում փոփոխություններ շարունակաբար լինում են, օրենսդրությունը շարունակաբար բարելավվում է, բայց գործնականում փոփոխությունները շատ քիչ են արձանագրվում։

«Օրինակ, օրենքով ազատազրկված անձինք ունեն և՛ վարձատրվող, և՛ չվարձատրվող աշխատանքի հնարավորություն։ Բայց երբ հարցը դիտարկում ենք արդեն գործնական մակարդակում, տեսնում ենք, որ աշխատատեղերը բավականին քիչ են։ Իսկ աշխատանքի բաշխումը ըստ քրեակատարողական հիմնարկների բավականին անհամաչափ է կատարվում։

Նաև օրենքով հստակ սահմանվում է, թե որն է չվարձատրվող աշխատանքը։ ՔԿՀ֊ներում տեխնիկա֊տնտեսական աշխատանքները կատարվում են չվարձատրվող հիմունքներով։

Այդ աշխատանքը ենթադրում է տարածքների մաքրություն, կոյուղու մաքրում, խցերի աղբահանություն և այլն։ Այս աշխատանքները հիմնականում պիտակավարված են և կատարվում են խոցելի խմբերի, մասնավորապես, ԼԳԲՏ ազատազրկված անձանց կողմից»։ 

Նարե Հովհաննիսյանը որպես խնդիր նշում է նաև այն, որ ՔԿՀ֊ներում կրթական կարիքների գնահատում չի արվում, կրթական աստիճանի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում։ 2018 թվականին ընդամենը հինգ անձ է ընդգրկված եղել բարձրագույն կրթություն ստանալու պրոցեսի մեջ, իսկ երկուսը՝ հետբուհական։

«Բավականին շատ են այն անձիք, ովքեր ազատ արձակվելուց հետո վերադառնում են ՔԿՀ, քանի որ այնտեղ նրանց կենցաղի հարցը լուծված է, այդ բեռը պետության վրա է, բայց դուրս գալով ՔԿՀ-ից և բախվելով այդ խնդիրներին՝ հանցագործություն կատարելու և ՔԿՀ վերադառնալու գայթակղությունը մեծ է», ֊ նշում է Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ պետությունը պարտավոր է ներդնել սոցիալական նպաստի, աշխատանքով ապահովելու մեխանիզմներ։ Քանզի երկարատև ազատազրկված լինելով, անձինք կորցնում են իրենց սոցիալական կապերը, իսկ աշխատաշուկան բավականին արագ է զարգանում։

Խոցելի խմբերի համար, այն է՝ կանայք, անչափահասները, ցմահ դատապարտյալները, հաշմանդամություն ունեցող անձինք և ԼԳԲՏ ազատազրկված անձինք, որպես այդպիսին, չկան վերասոցիալականացման ծրագրեր։ Ինչ էլ որ կա, չի հիմնվում ազատազրկված անձանց կարիքների վրա, որովհետև նման կարիքների ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում չի արվում․

«Դրանք հատվածական գործողություններ են, որոնք այս կամ այն քրեակատարողական հիմնարկներում կատարվում են, և դրանով ավելի անբարենպաստ վիճակում են հայտնվում խոցելի խմբերի ազատազրկված անձինք, որովհետև իրենց ազատազրկվածի կարգավիճակին ավելանում են նաև իրենց կարգավիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքը»։