Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելող՝ անցած ամիս Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը։
Օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները:
«Երբ ստորագրում էի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ, ես, որպես Հանրապետության նախագահ և որպես քաղաքացի, խորհում էի՝ մի՞թե անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին։ Մի՞թե օրենքների իրավական չոր ձևակերպումները մեզ վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան այն հորդորները, որ լսում ենք ծնողից, հարազատից, ընկերոջից, քան ծխելու վնասի մասին պատմությունները, որ կարդում ենք գրեթե ամեն օր։
Սոկրատեսն ասում էր. «Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի նրա առողջության համար, քան նա ինքը»: Կանգ առնելը երբեք ուշ չէ, և դրա համար որևէ պետական մարմնի կարիք չպետք է զգացվի: Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին։
Մյուս կողմից՝ թե՛ ծխողները, թե՛ չծխողները մեր քաղաքացիներն են, և օրենսդրական որևէ, թեկուզ հանրօգուտ նպատակով սահմանափակում չպետք է միմյանց հանդեպ որևէ անհանդուրժողականության պատճառ դառնա: Իսկ իշխանությունը պարտականություն ունի համապատասխան քաղաքականությամբ, այդ թվում՝ առողջ ապրելակերպ ունենալու համար հնարավորինս հասանելի պայմաններ ապահովելով, նպաստել իր ծխող քաղաքացու վարքագծում դրական փոփոխությանը», ֊ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես, ասել է Սարգսյանը։