Հունիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի գյուղի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական սահմանային դիրքերը։ Ադրբեջանական Զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են։ Առավոտյան դրանք վերսկսվել են։ Այս մասին հուլիսի 13-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, գործողությունների վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։
«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ», – հավելել է Փաշինյանը։
Այս ռազմական միջադեպը, նշել է նա, չի առաջացել վակուումում։
«Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զառնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների։
Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։
Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը։
Ադրբեջանի ղեկավարությունը՝ փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե, հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է։
Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։ Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց անվերապահ աջակցությունը հայտնել մեր Զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, որվքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է։
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին, այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է», – հայտարարել է վարչապետը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ երեկ ժամը 12։30-ի սահմաններում հայկական դիրքերից մեկին ՈՒԱԶ ավտոմեքենա մոտեցավ, որից դուրս եկած զինծառայողները շարժվեցին դեպի դիրքը․
«Դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես ՀՀ տարածքում։
Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցել են, ստացել հրահանգ։ Հաշվի առնելով հնարավոր ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը՝ կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է։ Թողնելով ավտոմեքենան, ադրբեջանցի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը։ Որից հետո սկսվում է 82 միլիմետրանոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի էդ դիրքը, որը կասեցվել էր հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։
Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։
Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ՝ 15-25 րոպե մեկ, հրետակոծությունը շարունակվում է։ Դադարը եղել է գիշերը 3։30-ից 5։30»։ Տոնոյանի խոսքով՝ օպերատիվ իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է։
Վարչապետի հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմն ուզում էր ավտոմեքենան վերադարձնել, ինչի համար և սկսել էր գործողությունը, նախարարն ասաց, որ նման ծանկության առկայության պարագայում հնարավոր էր որևէ կերպ կապի դուրս գալ, չկրակելու պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի մեքենան վերադաձվի։ Սակայն, ըստ Տոնոյանի, անմիջապես սկսվել էր հրետակոծությունը։
Հայկական կողմը երեկվանից կապի մեջ է միջազգային գործընկերների հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, տեղեկացրեց, որ գերատեսչությունը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի հետ, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և անդամ-պետությունների հետ։
Երեկ գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որին կարող եք ծանոթանալ այստեղ։