Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», ֊ ասված է հայտարարության մեջ։
Հուլիսի 14-ի առավոտյան պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, «որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»։ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ ասված է, որ տուժածներ չկան։ Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հուլիսի 14-ի առավոտյան հայկական կողմը հրետակոծել էր Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերը։ «Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան», ֊ հայտնում են Բաքվից։