Ադրբեջանի զինված ուժերը 82 և 120 մմ տրամաչափի ականանետերից արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։
ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան», – գրել է Ստեփանյանը:
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող է վիրավորվել․
«Բեկորային թեթև վնասվածքներ են ստացել, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ առավոտյան ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով՝ ետ մղվել։ Ավելի ուշ հայկական դիրքերը սկսել են հրետակոծվել։
Հրետակոծությունը ընդհատվել են գիշերը՝ 03։30-ից 05։30 սահմաններում, առավոտյան՝ կրկին վերսկսվել։ Հայկական կողմը հայտնել է, որ սահմանին ծառայող երկու ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել։ Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 4 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:
Հայաստանի ԱՆԳ-ն գիշերը հայտարարություն էր տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները։ Օրվա ընթացքում ռազմական էսկալացիային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտանյաների և միջազգային կառույցների հայտարարությունները՝ այստեղ։