Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ֊ի, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից և որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել Հայաստանում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ: Խմբում ընդգրկվել են Հայաստանում գործող ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, դրա ենթակայության տակ գտնվող մանկատների, տեղական ինքնակառավարման, ՀՀ կառավարության և դրան առընթեր պետական և այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող և խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք:
Ըստ ՔԿ֊ի, խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող
անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին
Հայաստանի քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:
Օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչները յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում Հայաստանի տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։
Հայաստանի կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման և Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել՝ այդ կերպ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Հայաստանի տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով և համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։
Միաժամանակ, քննությամբ առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձևակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:
Հիշյալ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար՝ տարբեր անձանց և նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է, որի գերակշիռ մասում նշված է եղել նաև նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար:
Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաև նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ:
Այնուհետև, հիշյալ անձը՝ նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաև կատարել է անձնական վճարումներ:
Արդյունքում փոխարկելով և փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում:
Վերը նշված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունից դեռևս 2019 թվականի նոյեմբերի 14-ին հայտնել էր օտարերկրացիների կողմից հայաստանցի երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքերի բացահայտման մասին։ Ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ երկու հայաստանցիներ՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, կազմակերպել են ավելի քան 30 երախաների (զգալի մասը՝ նորածիններ) ապօրինի որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 19-ին, Ոստիկանությունը հայտնել էր ապօրինի որդեգրումների նոր դեպքերի բացահայտման մասին։
Մեղադրանք էր առաջադրվել 5 հոգու, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին:
Աբրահամյանը մեղադրվում է ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք)։
Ջերջերյանը՝ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը)։
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին՝ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը), նաև 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), քաղաքացի Դ. Գրիգորյանին՝ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը) և քաղաքացի Ա. Գարսանցյանին՝ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):