Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց:
Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, նաև 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշում էր բավարարել էր կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Կապարետյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Երեխաների ապօրինի որդեգրումների գործերով ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 հոգու, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան տնօրենին ն և փոխտնօրենին:
Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք)։
Ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը մեղադրվում է ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը)։
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացի Դ. Գրիգորյանին՝ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը) և քաղաքացի Ա. Գարսանցյանին՝ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Դատախազությունը բողոքարկել է նաեւ բժիշկներ Ռազմիկ Աբրահամյանի և Արշակ Ջերջերյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումները:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունից նոյեմբերի 14-ին հայտնել էին օտարերկրացիների կողմից հայաստանցի երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքերի բացահայտման մասին։ Ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ երկու հայաստանցիներ՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, կազմակերպել են ավելի քան 30 երախաների (զգալի մասը՝ նորածիններ) ապօրինի որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 19-ին, Ոստիկանությունը հայտնել էր ապօրինի որդեգրումների նոր դեպքերի բացահայտման մասին։