Գլխավոր / Դատարան / Երեխաների վաճառքի մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Երեխաների վաճառքի մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երեխաների ապօրինի որգեգրումների գործով մեղադրյալ՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Դատախազության բողոքը։

Վերաքննիչ դատարանը, փաստացի, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ամրագրեց, որ Աբրահամյանի կալանավորման համար հիմքեր չկան։ 

Հանրապետական ծննդատան տնօրենը, ով մեղադրվում է 2 և ավելի երխաներին ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու (ՔO 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետ), նաև՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ  (200-րդ հոդվածի 3-րդ կետ), այսպիսով, չի ազատազրկվի։

Հիշեցնենք, որ օտարերկրացիների կողմից ավելի քան 30 երախաների (զգալի մասը՝ նորածիններ) ապօրինի որդեգրումների գործերով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու․ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, քաղաքացիներ Դ. Գրիգորյանին և Ա. Գարսանցյանին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Աբրահամյանը, Ջերջերյանը և Կարապետյանը ազատ էին արձակվել։ Առաջին ատյանի դատարանի որոշումները Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։

Թեև Ռազմիկ Աբրահամյանի գործով բողոքն այսօր մերժվեց, նույն գործով մեկ այլ մեղադրայլ՝ «Երևանի մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանի վերաբերյալ բողոքը հունվարի 29-ին նույն Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է․ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը բեկանվել է, իսկ Կարապետյանը՝ կալանավորվել։

Նշենք, որ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի անունը ապօրինի որդեգրումների քրեական գործի հարուցումից առաջ էլ՝ պարբերաբար շոշափվում էր նորածինների անհետացման կամ անսպասելի մահվան համատեքստում։

Վերջին հիշատակումը՝ 2019 թվականի հոկտեմբերին էր, երբ նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, բարձրաձայնել էր իր երեխայի անհետացման մասին։ Ծննդատան տնօրենն ու աշխատակիցները հայտնել էին նրան, որ երեխան մահացած է ծնվել։ Սակայն Խաչատրյանը մահվան որևէ  ապացույց չէր ստացել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ հիվանդանոցի տնօրենը ոչ միայն չի կարողացել ապացուցել իր երեխայի մահվան մասին տեղեկությունները, այլև անհասկանալի հիմքերով իրեն և իր քրոջը մեկ միլիոն դրամ է առաջարկել՝ իբրև թե «որպես օգնություն»։

Epress.am-ն ավելի վաղ գրել էր նաև Սյուզաննա Պատվականյանի երեխայի անհետացման մասին․ Շենգավիթի դատարանում այժմ էլ շարունակվում է նրա և նրա ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի բողոքի քննությունը։ Պատվականյանն ու Կոստանյանը պահանջում են իրավական գնահատական տալ Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործողություններին, որոնք, նրանց պնդմամբ, տարիներ շարունակ միտումնավոր կոծկել և դրանով իսկ՝ հովանավորել են 19 տարի առաջ տեղի ունեցած մանկավաճառության դեպքը` կազմակերպված և իրականացված բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի կողմից։ 2000 թվականին Սյուզաննա Պատվականյանը անչափահաս հասակում ծննդաբերել է աղջիկ երեխա։ Բժիշկ Աբրահամյանը համոզել է նրան հրաժարվել երեխայից․ երեխան, իբր, լուրջ առողջական խնդիրներով է ծնվել և երկար չի ապրի։ Ապօրինի հրաժարականից հետո երեխան անհետացել է․ չկա ո՛չ նրա մահվան արձանագրությունը, ո՛չ մանկատուն տեղափոխվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ երեխան որդեգրվել է։ Որդեգրման փաստը հաստատող փաստաթղթեր նույնպես չկան։

Tekali Taxi