Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և նրա անչափահաս դուստրը, 1956թ. ծնված բնակչի թույլտվությամբ, անվարձահատույց բնակվել են նրա տանը, իսկ վերջինս տեղափոխվել է այլ բնակության վայր: Ձևավորված մտերմությունից ելնելով՝ անչափահաս աղջիկը, մոր գիտությամբ, վերջինիս բացակայության ժամանակ հաճախակի մնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայրում, որտեղ 2017թ. դեկտեմբերի վերջից մինչև 2018թ. մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում 63-ամյա տղամարդը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ՝ սպառնալով տնից վռնդել, եթե երեխան որևէ մեկին պատմի կատարվածի մասին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2018թ. մարտի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս աղջիկը իր՝ 10 տարեկան ընկերուհու հետ, ջուր վերցնելու նպատակով, գնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայր, որտեղ վերջինս անառակաբարո գործողություններ է կատարել նաև 2008թ. ծնված անչափահասի նկատմամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ) և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Անառակաբարո գործողությունները՝ տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ): Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: