Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ, 48-ամյա Արամայիս Հովակիմյանը, հայտնել էր Պաշտպանության նախարարությունը։
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցմամբ, նրա մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Նրա վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:
«Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով», ֊ գրել է Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ երեկվա հարաբերական անդորրից հետո այսօր առավոտյան Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր նոր ռազմական բախումների մասին․ ըստ ՊՆ֊ի, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները գիշեր ավելի քան 100 հոգանոց կազմով դիվերսիոն հարձակում են գործել Տավուշի ուղղությամբ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, իսկ ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և D30 հաոբից:
Ադրբեջանը հայտնել է մեկ զոհված զինծառայողի մասին:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Հուլիսի 13-ից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները։ Կիրառվում է հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։